Սրտի ստենտավորման համար մինչև հիմա ՀՀ-ից Վրաստան գնալու մասին լուրերը իրական չեն. նախարար
Այսօր ԱԺ-ում «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Եղիազարյանն առողջապահության նախարար Արսեն թորոսյանին հարցրեց, թե ինչու են կորոնար անոթների ստենտավորման համար Հայաստանից մինչեւ հիմա գնում Վրաստան:
Նախարարը պատասխանեց, որ նման տեղեկատվությունը, որը տարածված է հասարակության մեջ, չի համապատասխանում իրականությանը։ Ինչ վերաբերում է գների համեմատությանը, ապա, ինչպես նշեց Թորոսյանը, այստեղ պետք է նկատի ունենալ երկու հանգամանք։ «Նախ՝ Հայաստանում մեզ հայտնի է, թե որ արտադրության ստենտներ են դրվում, իսկ Վրաստանում՝ ոչ։ Երկրորդ՝ Հայաստանում գինը ներառում է նաեւ հետվիրահատական վերականգնումը։ Չէ՞ որ վիրահատությունից հետո հիվանդը, միեւնույն է, վերադառնալու է հայրենիք»,- ասաց Թորոսյանը:
Նա հավելեց, որ վերականգնումը ներառում է հսկողություն կես տարվա ընթացքում եւ անհրաժեշտության դեպքում՝ նոր ստենտի տեղադրում։
Թորոսյանը նշեց, որ Հայաստանի քաղաքացիները արդեն համարյա չեն գնում Վրաստան՝ սրտի վիրահատության համար: