չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Իրանն ու ԱՄՆ–ն կբանակցեն Իսլամաբադում, եթե այլ հանգամանքներ ի հայտ չգան․ Իրանի դեսպան

Իրանն ու ԱՄՆ–ն կբանակցեն Իսլամաբադում, եթե այլ հանգամանքներ ի հայտ չգան․ Իրանի դեսպան

Իրանն ու ԱՄՆ-ն հաջորդ շաբաթ Իսլամաբադում 2-օրյա բանակցություններ կանցկացնեն, եթե չնախատեսված այլ իրադարձություններ չլինեն։ Այսօր Երևանում հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Հուսով ենք՝ խելամտությունն ու ռացիոնալությունը կվերադառնա, իշխող կդառնա Սպիտակ տանը, և նրանք իրենց պարտականություններին հավատարիմ կմնան։ Քանի որ Իրանն արդեն ցույց է տվել իր կամքը և ապացուցել՝ եթե նրանք շարունակեն այսպես պարբերական կերպով խախտել պայմանավորվածություններն ու համաձայնագիրը, ապա Իրանը կպատասխանի դրանց»,- ասաց դեսպանը։
Նա հիշեցրեց, որ բանակցությունների փուլին հասնելու ճանապարհը բավականին բարդ է եղել։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն գիտակցեց, որ այլևս չի կարողանում շարունակել պատերազմը՝ տեսնելով դրա հետևանքները։
«Սակայն, հաշվի առնելով Թրամփի անհատականությունն ու բնավորությունը, ինչպես նաև ԻԻՀ թշնամի սիոնիստական ռեժիմի ունեցած նպատակները, կարծես թե մենք գործ ունենք մի մարդու հետ, ով երկմտում է և դեռ վերջնական որոշում չի կայացրել, թե որ ճանապարհով շարժվել»,- նշեց դեսպանը։
Նա հավելեց, որ հենց այս պատճառով էլ ձեռք բերված համաձայնությունը մի քանի անգամ խախտվել է։ Շիրղոլամին մատնանշեց՝ երեկ ԱՄՆ-ի կողմից խախտվել է համաձայնագրի 10-րդ կետը, ըստ որի՝ Իրանի նավթի վաճառքը պետք է տեղի ունենա առանց պատժամիջոցների։ Դեսպանի խոսքով՝ պատճառն այն է, որ ԱՄՆ-ն սովոր չէ հավասարը հավասարի պես բանակցել կամ հաշվի առնել այլոց շահերը։
«Սակայն ԻԻՀ-ն իրեն պարտադրված պատերազմում արդեն ցույց տվեց, որ չի հանձնվի, այս բանակցություններում ևս չի հանձնվի և զոհ չի գնա այն քայլերին, որոնք իրականացվում են Իրանի դեմ»,- հայտարարեց իրանցի դիվանագետը։
Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի երեկվա գործողություններին ու Իրանի կողմից դրանց տրված պատասխանին, դեսպանն ընդգծեց, որ բանակցությունների շրջանակում նման գործողությունները պետք է դիտարկել որպես մարտավարական, տակտիկական քայլեր, սակայն դրանցով կողմերը չեն հետապնդում լայնամասշտաբ պատերազմ սկսելու միտում։

  • Կիսվել: