երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
«Սպիտակի օրը» մեկնարկել է հարգանքի տուրքով, ապա շարունակվել տոնական միջոցառումներով

«Սպիտակի օրը» մեկնարկել է հարգանքի տուրքով, ապա շարունակվել տոնական միջոցառումներով

Սպիտակ համայնքի օրվան նվիրված միջոցառումների շարքը մեկնարկել է հարգանքի տուրքով, հայտնում են Լոռու մարզպետարանից:

Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողասյանը մարզպետարանի պաշտոնատար այլ անձանց, աշխատակազմի և տոնական օրվա հյուրերի ուղեկցությամբ եղել են Սպիտակ համայնքի Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հուշահամալիրում, որտեղ Գուգարաց թեմի Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը աղոթք է հնչեցրել առ Աստված՝ հայրենիքի համար նահատակված հերոսների հոգիների խաղաղության համար, ապա ներկաները զոհերի հարազատների հետ միասին խնկարկել են նրանց հիշատակը և ծաղիկներ խոնարհել ընկածների շիրիմներին:

Պանթեոնից ներկաներն ուղևորվել են Երկրաշարժի զոհերի հուշահամալիր, որտեղ ևս ծաղիկներ են խոնարհել 1988 թ. երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին:

Ի նշան երախտիքի՝ հարգանքի տուրք է մատուցվել նաև Սպիտակի առաջին քաղաքապետ Սուրեն Ավետիսյանի շիրիմին:

Նույն օրը Սպիտակի Ալ. Մյասնիկյանի անվան թիվ 1 դպրոցի մարզադաշտում անցկացվել է «Սպիտակ համայնքի ղեկավարի գավաթ-2023» ֆուտզալի փոխանցիկ գավաթի մրցաշարի եզրափակչի հանդիպումները:

«Սպիտակի օրվա» տոնական միջոցառումների շարքը սկսվել է Սպիտակի կենտրոնական հրապարակում: Ամենուր տոնական տրամադրություն էր, անակնկալներ, գեղեցիկ միջոցառումներ:

Տոնական օրվա պատվավոր հյուրերը համայնքի ղեկավարի հետ շրջել են քաղաքի կենտրոնական հատվածում տեղակայված բացօթյա տաղավարներում, որտեղ ցուցադրված էին համայնքի արհեստը, արվեստը, կոլորիտը և ավանդույթները ներկայացնող իրեր, ձեռքի աշխատանքներ և բազմապիսի ուտեստներ։ Տոնին միացել էին նաև համայնքի հրուշակեղենի և միրգ-բանջարեղենի վաճառքով զբաղվող կազմակերպությունները, որոնք կազմակերպել էին անվճար հյուրասիրություն։

Տոնական օրն ավարտվել է «Սպիտակի օրվա» գլխավոր միջոցառմամբ՝ տոնական համերգով։

  • Կիսվել: