ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Շողակաթ և Ճամբարակ համայնքներում հոսանքի, գազի, ջրի խնդիր չունենք. Շողակաթ համայնքի ղեկավար

Շողակաթ և Ճամբարակ համայնքներում հոսանքի, գազի, ջրի խնդիր չունենք. Շողակաթ համայնքի ղեկավար

Գեղարքունիքի մարզի Շողակաթ և Ճամբարակ համայնքներում երկրաշարժի հետևանքով էլեկտրահաղորդման գծերը վնասվել էին, մոտավորապես 20-30 րոպե Շողակաթ և Ճամբարակ համայնքներում հոսանք չկար, սակայն հոսանքն արդեն վերականգնվել է. Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանը:

«Հոսանքը սկզբում վերականգնվեց Ճամբարակում, հետո արդեն Շողակաթի ամբողջ տարածաշրջանում: Այս պահին ամեն ինչ նորմալ է՝ հոսանքի, գազի, ջրի խնդիր չունենք, սկզբում, երբ հոսանքը անջատվեց ժողովուրդը շփոթվել էր, բայց արդեն հանգիստ են»,- նշեց նա:

Համայնքի ղեկավարը նաև տեղեկացրեց, որ երկրաշարժը շատ ուժեղ է զգացվել համայնքում, սակայն խոշոր փլուզումներ չկան, միայն հին պատեր, գոմեր են վնասվել:

Հիշեցնենք, որ այսօր ԱԻՆ-ի հրապարակած տեղեկությամբ տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում է ԱԻՆ–ը: Երկրաշարժը զգացվել է` Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ:



  • Կիսվել: