չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Ուկրաինայի ԱԳ նախարարը հարձակման ենթարկված նավի միջադեպի թեմայով հեռախոսազրույց  է ունեցել Իրանի իր գործընկերոջ հետ

Ուկրաինայի ԱԳ նախարարը հարձակման ենթարկված նավի միջադեպի թեմայով հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր գործընկերոջ հետ

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգան հարձակման ենթարկված նավի միջադեպը քննարկել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի հետ։

Սիբիգան սոցցանցի իր էջում, մասնավորապես, հայտնել է. «Ես զանգահարել եմ Իրանի արտգործնախարար Արաղչիին՝ անկեղծ զրույցի համար։ Դիվանագիտությունը պահանջում է ուղիղ երկխոսություն, նույնիսկ երբ դա դժվար է։

Ես ընդգծել եմ, որ մեր նպատակն է խուսափել ավելորդ սրացումից։ Ես կրկին նշել եմ, որ Ուկրաինայի բոլոր գործողություններն ուղղված են բացառապես մեր երկիրը ռուսական ագրեսիայից պաշտպանելուն և երբեք չեն ուղղված եղել քաղաքացիական նավերի կամ մարդկանց դեմ։

Սա վերաբերում է նաև Իրանի հայտարարություններին վերջին միջադեպում իր քաղաքացու մահվան և քաղաքացիական նավի ենթադրաբար թիրախավորման վերաբերյալ։

Մեր նպատակն է հակազդել ռուսական ագրեսիային, որը բոլոր այս միջադեպերի արմատական ​​պատճառն է։ Ռուսաստանը կրում է բոլոր սադրանքների և զոհերի ամբողջական պատասխանատվությունը։

Ես ընդգծել եմ սրացման հանգեցնող ցանկացած քայլից զերծ մնալու և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին ցանկացած աջակցություն դադարեցնելու անհրաժեշտությունը։ Այս պատերազմն անօրինական է և պետք է ավարտվի։

Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Եվրոպան և Մերձավոր Արևելքն արժանի են կայունության, անվտանգության և խաղաղության»:

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Իրանը Ուկրաինային մեղադրել է Կասպից ծովում իրանական նավին հարվածելու համար։ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս մեկը՝ տուժել։ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև բողոքի նոտա է հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին։

Իր հերթին Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերը հարվածներ են հասցրել Կասպից ծովում գտնվող նավերին, որոնք, նրա խոսքով, իբր ներգրավված էին Ռուսաստանի և Իրանի միջև ռազմական բեռների փոխադրման մեջ։

  • Կիսվել: