կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Շիրակավան համայնքի լճակի տարածքում վերահսկողությունը կխստացվի. ՇՄ նախարարություն

Շիրակավան համայնքի լճակի տարածքում վերահսկողությունը կխստացվի. ՇՄ նախարարություն

Բնապահպանական հանրության ներկայացուցիչներն օրերս ահազանգել էին Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Շիրակավան գյուղկան համայնքի վարչական տարածքում գտնվող լճակի տարածքում վերահսկողության սահմանման անհրաժեշտության մասին։ Բնապահպաններն ահազանգում են, որ տարածքում պարբերաբար կրակոցներ են հնչում, իսկ լճակը տարբեր թռչնատեսակների համար կերակրման վայր է հանդիսանում։
 
Ահազանգի հետքերով նշված տարածք են այցելել շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, հանդիպել Շիրակավանի վարչական ղեկավարի հետ և տեղում ծանոթացել իրավիճակին։
 
Նախարարությունից հայտնում են, որ Շիրակավանի համայնքապետարանի հետ վերահսկողության սահմանման պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ տարածքում զբոսաշրջային այցելությունների վնասակար ազդեցությունները նվազեցնելու, աղտոտման և աղբահանության հետ կապված հարցերը կանոնակարգելու և ապօրինությունները բացառելու նպատակով։
 
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև սույն թվականի ապրիլի 3-ին լճակի հարակից տարածքում անցկացնել շաբաթօրյակ և տարածքի մաքրման աշխատանքներ։ Շաբաթօրյակին կմասնակցեն «Արփի լիճ» ազգային պարկի աշխատակիցները, ուսանողներ, Շիրակավանի բնակիչներ և համայնքապետարանի ներկայացուցիչներ։«Արփի լիճ» ազգային պարկի նախաձեռնությամբ մաքրման աշխատանքների ժամանակ կօգտագործվի նաև գյուղական համայնքին պատկանող տեխնիկան։
 
Այսուհետ «Արփի լիճ» ազգային պարկի ներկայացուցիչները պարբերական այցեր կիրականացնեն նշված տարածք։
 
Շնորհակալ ենք բնապահպանական հանրության ներկայացուցիչներին մեր չքնաղ բնաշխարհի խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու համար։

  • Կիսվել: