կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Նյու Յորքի ոստիկանությունը հետաքննում է սինագոգների ստացած բազմաթիվ սպառնալիքները

Նյու Յորքի ոստիկանությունը հետաքննում է սինագոգների ստացած բազմաթիվ սպառնալիքները

Նյու Յորքի ոստիկանության վարչությունը CBS New York-ին հայտնել է, որ քաղաքի սինագոգները շաբաթ օրը ռումբի պայթյունի բազմաթիվ սպառնալիքներ են ստացել:

Ոստիկանության տվյալներով, Մանհեթենում ռումբի պայթյունի առնվազն երեք սպառնալիք է եղել:

Ոստիկանությունը հայտնում է, որ նշված բոլոր հաստատությունները էլեկտրոնային նամակներ են ստացել, որոնցում հաղորդվում էր, որ շենքերում կամ մոտակայքում պայթուցիկներ կան:

«Ռոդեֆ Շոլոմ» միաբանության գործադիր տնօրեն Բարբարա Զաքինը հայտնել է միաբաններին, որ Նյու Յորքի ոստիկանությունը, որպես նախազգուշական միջոց, տարհանել է իրենց շենքը և խուզարկություն իրականացրել:

Բացի սինագոգներից, էլեկտրոնային նամակ է ուղարկվել Բրուքլինի թանգարան՝ սպառնալով պայթեցնել մետրոյի Eastern Parkway/Brooklyn Museum կայարանը: Կայարանի սահմաններից դուրս անսովոր փաթեթ է հայտնաբերվել, սակայն դա չի ազդել սպասարկման վրա:

Ոստիկանությունը հայտարարել է, որ ռումբի պայթյունի վերաբերյալ բոլոր սպառնալիքներն առայժմ անհիմն են եղել: Ներկա դրությամբ  քննիչները չգիտեն, թե ով է ուղարկել նամակները:

Բոլոր միջադեպերը հետաքննվում են։

  • Կիսվել: