չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Ռուզաննա Հակոբյանն ընտրվել է Գավառի պետական համալսարանի ռեկտոր

Ռուզաննա Հակոբյանն ընտրվել է Գավառի պետական համալսարանի ռեկտոր

ՀՀ ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ այսօր գումարվել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որի օրակարգում հիմնադրամի կառավարիչ-ռեկտորի ընտրության հարցն էր։

Նիստը վարել է ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։ Հոգաբարձուների խորհրդի 20 անդամից նիստին մասնակցել է 18-ը։ Սահմանված կարգի համաձայն՝ քննարկվել և հաստատվել է ԳՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի հավակնորդի՝ իրավաբանական գիտությունների դոկտոր, դոցենտ Ռուզաննա Հակոբյանի համապատասխանությունը Գավառի պետական համալսարանի կանոնադրության և ԳՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգով նախատեսված պահանջներին։

Ռեկտորի թեկնածուն ներկայացրել է իր գործունեության ծրագիրը և անդրադարձել բուհի զարգացման հիմնական հայեցակարգային ուղղություններին։

Փակ (գաղտնի) քվեարկության արդյունքում Ռուզաննա Հակոբյանը 18 կողմ, 0 դեմ և 0 անվավեր ձայներով ընտրվել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր:

  • Կիսվել: