կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռոմիկ Մխիթարյանի խոսքով՝ 75 նստարանի վրա օգտագործված տախտակը «հավասարեցված է» տեռասային տախտակի

Ռոմիկ Մխիթարյանի խոսքով՝ 75 նստարանի վրա օգտագործված տախտակը «հավասարեցված է» տեռասային տախտակի

Երևանի քաղաքապետարանի՝ հունվարի 29-ի գործակարգավարական նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանն, անդրադառնալով «Հետք»-ի՝ Մալաթիա-Սեբաստիայում տեղադրված 75 նստարանների վերաբերյալ հոդվածին, խնդրեց վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանին ներկայացնել՝ ինչն է խնդիրը։

«Բլոգեր Արթուր Չախոյանն էր ներկայացրել, որ 75 տեռասային տախտակով նստարանների փոխարեն մենք ավելի էժան տախտակներով ենք արել։ Եվ էստեղ փաստաթղթղավորված ամեն ինչը կա, որ էդ նույն տախտակը, ինչը որ օգտագործվել է էդ 75 նստարանի վրա, հավասարեցված է, հանդիսանում է տեռասային տախտակ, պոլիմերային չի, մաքուր փայտից է և գնայինն էլ նույնիսկ ավելի թանկ է, քան պոլիմերային իր նշածը։ Պատրաստվում եմ պատասխանատվության ենթարկել»,- պատասխանեց Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը։

Ավինյանն էլ արձագանքեց. «Բլոգերի մասին չէ խոսքը, հետաքննող լրատվականն էր գրել դրա մասին, այնուամենայնիվ, վերահսկողության վարչությանը կխնդրեմ երկրորդ կարծիք տալ էս դեպքի վերաբերյալ»։

Հիշեցնենք՝ կայքը գրել էր, որ Երևանի քաղաքապետարանի գնած տեռասային տախտակներից նստարանների փոխարեն տեղադրվել են ավելի էժան նստարաններ։ Յուրաքանչյուր նստարանի համար Երևանի քաղաքապետարանը վճարել է 137 հազար դրամ, այսինքն՝ 75 նստարանի համար՝ 10 մլն 284 000 դրամ։ Մատակարարը նորաստեղծ ընկերություն է։

  • Կիսվել: