Քննարկվել են Google ընկերության հետ համագործակցության հեռանկարները. հանդիպում ԿԳՄՍ նախարարությունում
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Հայաստանում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող Google ընկերության պատվիրակությանը:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը, ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ռազմավարական պլանավորման և մոնիթորինգի վարչության պետ Ռոբերտ Ստեփանյանն ու հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը:
Արթուր Մարտիրոսյանը ողջունել է հյուրերին նախարարությունում և կարևորել Google ընկերության հետ հարաբերությունների զարգացումը՝ հաշվի առնելով ԿԳՄՍՆ ներգրավվածությունը Հայաստանի թվայնացման ռազմավարության 2021-2025թթ․ ծրագրում, ինչպես նաև կրթական գործընթացների թվայնացման անհրաժեշտությունը:
Նախարարի տեղակալն ընդգծել է՝ Հայաստանը կրթական բոլոր մակարդակների բարեփոխումների ակտիվ փուլում է, որի շրջանակում մեծ տեղ է հատկացվում թվային տեխնոլոգիաների կիրառմանը, թվային գրագիտության զարգացմանն ու կրթական որակի չափելիության համար անհրաժեշտ գործիքների ներդրմանը: Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ ՀՀ կառավարությունը որդեգրել է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների ապահովման, կրթական համակարգի թվայնացման զարգացման քաղաքականություն, և այս համատեքստում Google ընկերության հետ համագործակցությունն առանցքային նշանակություն կարող է ունենալ:
Google ընկերության ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար և տեղեկացրել՝ իրենք մի շարք ծրագրեր և հարթակներ ունեն, որոնք օգնում են ուսուցիչներին, աշակերտներին և ադմինիստրատիվ աշխատողներին արդյունավետ կազմակերպել կրթական գործընթացը, ինչպես նաև առցանց դասընթացներ, խորհրդակցություններ և հանդիպումներ: Այս համատեքստում կողմերը կարևորել են նաև անձնական տվյալների պաշտպանության բարձր մակարդակը:
Google ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև արհեստական բանականության կրթության ներդրման միջոցներին: Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է՝ 2023 թ. սեպտեմբերից Հայաստանի 7 մարզերի և Երևանի 15 ավագ դպրոցներում իրականացվում է «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» փորձարարական կրթական ծրագիրը, որն ընդգրկում է շուրջ 500 աշակերտ ողջ Հայաստանից։
Անդրադառնալով մշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ համագործակցության հեռանկարներին՝ Google ընկերության ներկայացուցիչ Օլգա Սկորոխոդովան խոսել է Google Arts and Culture հարթակի մասին, որտեղ ներկայացված է նաև Հայաստանի մշակութային ժառանգությունը։ Նրա խոսքով՝ հարթակը հնարավորություն է տալիս միջազգային հանրությանը ծանոթանալ Հայաստանի հարուստ պատմությանը, արվեստին, մշակութային արժեքներին, ինչպես նաև հայկական մշակույթի տարբեր տարրերին՝ սկսած խաչքարերից և միջնադարյան ճարտարապետությունից մինչև ժամանակակից արվեստ։
Այս համատեքստում կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել Հայաստանի թանգարանների, մշակութային հաստատությունների և գրադարանների հավաքածուների թվայնացման հնարավորությունները, ինչպես նաև ամպային հուսալի պահոց ունենալուն վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի հետ համագործակցության հեռանկարներին:
Ընկերության ներկայացուցիչները նշել են՝ Google-ի կողմից տրամադրվող բազմաթիվ գործիքներ և ծառայություններ հասանելի են նաև հայերեն, ինչը նպաստում է հայախոս օգտագործողների համար ավելի հարմարավետ և արդյունավետ օգտագործման միջավայրի ստեղծմանը։ Նրանք նշել են՝ ջանքեր են ներդնում համակարգի շարունակական լավարկման ու կատարելագործման համար:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: