կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Քննարկվել է «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը եւ գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ԵԽ ծրագիրը

Քննարկվել է «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը եւ գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ԵԽ ծրագիրը

Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը եւ գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակում նոյեմբերի 5-ին խորհրդարանում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որին մասնակցել են ԵԽ ծրագրի փորձագիտական խմբի եւ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները:

 

ԵԽ փորձագիտական խումբը նախաձեռնել է իրականացնել փաստահավաք ուսումնասիրություն ուղղված «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» ԵԽ կոնվենցիային հայաստանյան օրենսդրության ու կարգավորումների համապատասխանությանը: Նպատակն է ուսումնասիրել իրավիճակը Հայաստանում, բացահայտել առկա կարիքները, որից էլ կբխեն ծրագրի հետագա մշակմանը եւ առաջարկություններ ներկայացնելուն ուղղված քայլերը:

 

Նախաձեռնությունն իրականացնելու նպատակով ծրագրի աշխատանքներին ներգրավվել են միջազգային ու տեղի փորձագետներ Լուիս Հուպերը եւ Սերգեյ Ղազինյանը:

Փորձագետների ներկայացմամբ Հայաստանի հետ համագործակցությունն այս ոլորտում մեկնարկել է 2018 թվականից եւ այս տարիների ընթացքում բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել:

Ծրագրի գործընկերներն են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը, ինչպես նաեւ ոլորտային հասարակական մի շարք կազմակերպություններ:

Հերիքնազ Տիգրանյանը կարեւորել է իրավական դաշտն առավել բարենպաստ դարձնելուն ուղղված քայլերը՝ նշելով, որ առկա է հարաբերություների նորովի կարգավորման անհրաժեշտություն: «Կոնվենցիայով պետությունների ստանձնելիք պարտականությունները մասամբ ամրագրված են նաեւ Հայաստանի օրենսդրությամբ, եւ մենք հռչակել ենք բռնությունից զերծ հասարակության մեր տեսլականի մասին»,- ասել է հանձնաժողովի նախագահը:

«Կոնվենցիայի վավերացումը մեր քաղաքական օրակարգում է»,-ասել է Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: Նա կարեւորել է թեմայի վերաբերյալ իրազեկումը:

 

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել այլ երկրների միջազգային հաջողված փորձին:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Գայանե Եղիազարյանը, Մարիամ Պողոսյանը եւ Լիլիթ Ստեփանյանը:

 

  • Կիսվել: