երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Քաղաքային նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև համաձայնագիրը վավերացնելու նախագծին ԱԺ-ն կողմ քվեարկեց

Քաղաքային նոր ավտոբուսներ ձեռք բերելու համար ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև համաձայնագիրը վավերացնելու նախագծին ԱԺ-ն կողմ քվեարկեց

Ազգային ժողովն ընդունեց «Հայաստանի Հանրապետության, «Երևանի ավտոբուս» փակ բաժնետիրական ընկերության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2021 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: 

Դրամաշնորհի չափը կազմում է 5 մլն եվրո:

Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում «Դաբլյու Վայ Ջի Ինթերնեյշնլ Լիմիթիդ» խորհրդատվական ընկերության կողմից մշակվել և Երևանի քաղաքապետարանին է տրամադրվել Երևան քաղաքի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը, որի համաձայն՝ երթուղային ցանցի սպասարկման համար անհրաժեշտ է ձեռք բերել 845 հատ տարբեր չափսի ավտոբուսներ:

Նոր տրանսպորտային ցանցի շարժակազմերի ներդրման ֆինանսական աջակցության հնարավորության հարցը Երևանի քաղաքապետարանը դեռևս 2019 թ. գարնանը քննարկել է ՎԶԵԲ-ի հետ, որն իր պատրաստակամությունն է հայտնել՝ աջակցելու ավտոբուսների ձեռքբերմանը համապատասխան սուվերեն վարկային պայմանագրի շրջանակներում:

Նախնական գնահատմամբ՝ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո:

«Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային բարեփոխումների ծրագրի առաջին փուլի շրջանակներում 2021 թ. փետրվարի 1-ին հայտարարել է նախնական գնման (Advanced Procurement) երկփուլային մրցույթ՝ շուրջ 100 սեղմված բնական գազով շահագործվող 12 մետրանոց ցածրահատակ ավտոբուսների ձեռքբերման նպատակով: Մրցութային հայտերի հանձնման վերջնաժամկետը սահմանված է եղել 2021 թ. մարտի 31-ը: Ներկայումս ստացված առաջարկները գտնվում են գնահատման փուլում»,- ասաց ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

  • Կիսվել: