Պատերազմում վիրավորվածներին 500.000 դրամի չափով աջակցության ծրագրից օգտվելու գործընթացը շարունակվում է
Շարունակվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով վիրավորված և ամբուլատոր պայմաններում բուժում ստացած անձանց, ովքեր ՀՀ կառավարության կողմից սահմանված 500.000 ՀՀ դրամի չափով աջակցության ծրագրից չեն օգտվել, ՀՀ կառավարության կողմից սահմանված 500.000 ՀՀ դրամի չափով աջակցության ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ դիմումների հանձնման գործընթացը:
Այս մասին հաղորդեցին ԱՀ Առողջապահության նախարարությունից:
«Ամբուլատոր պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում ստանալու ծրագրի մեկնարկը տրվել է հուլիսի 5-ից: Ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել ԱՀ առողջապահության նախարարի հրամանով ստեղծված մասնագիտացված հանձնաժողովին կամ զանգահարել գերատեսչության թեժ գիծ՝ 30-03 կամ 0479 4-35-65 համարներին: Այնուհետև շահառուի կողմից ներկայացված փաստաթղթերը և ապացույցները տասնհինգ օրվա ընթացքում ուսումնասիրվելու և քննարկվելու են, ինչի արդյունքում կազմվելու է եզրակացություն՝ դրամական օգնություն նշանակելու կամ դրամական օգնության նշանակումը մերժելու մասին: Վերջնաժամկետը սահմանվել է սեպտեմբերի 30-ը, ընդ որում՝ ծրագրից օգտվելու համար կարող են դիմել նրանք, ովքեր մինչև օրս ծրագրից չեն օգտվել»,- մեզ հետ զրույցում ասաց ԱՀ Առողջապահության նախարարի խորհրդական Մայա Ազատյանը: