Պատերազմի մասնակից տղաները ստացել են բոլոր աջակցող միջոցները. Փոխնախարար
Ցանկացած հավաստագիր պարունակում է որոշակի արժեք՝ մարդու բժշկական սոցիալական փորձաքննության արդյունքում իրեն տրված վերականգնողական անհատական ծրագրի հիման վրա, տրվում է ցուցում այս կամ այն աջակցող միջոցը տրամադրելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթև Ստեփանյանը։
Պատասխանելով հարցին, թե տեղեկություն կա, որ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված միջոցները չեն տրամադրվում, նա նշեց.
«Քաղաքացիներին իրազեկում ենք, որ ՀՀ–ում գոյություն ունեն 10 կամ 15 որակավորված կազմակերպություններ, որտեղից քաղաքացին կարող է մոտենալ և ստանալ իր աջակցող միջոցը: Պատերազմի մասնակից տղաները, որպես ՀՀ քաղաքացի, նույն ընթացակարգերով ստացել են բոլոր աջակցող միջոցները: Չկա որևէ անձ, որ ունի աջակցող միջոցի կարիք ու չի ստացել աջակցող միջոցը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է արցախցիներին, փոխնախարարն ասաց, որ տարանջատում չի դրվում արցախցի հաշմանդամություն ունեցող անձ, թե հայաստանցի. «Ես երաշխավորում եմ, որ մեր պրոթեզաօրթոպետիկ բազայում կարգավորումներ են արվել, քանի որ երբ քաղաքացու համար դուրս է գրվում հավաստագիր օնլայն կամ փոստային տարբերակով, իրեն տեղեկացնում ենք, որ ունեք 100 հազար դրամի հավաստագիր այն առկախված է կարող եք, որոշակի ժամանակահատված հետո դիմել և ստանալ, ձեր աջակցման կենտրոն»:
Փոխնախարարը նշեց, որ պատերազմի ընթացքում և հիմա համագործակցում են բոլոր հիվանդանոցների և բոլոր վերականգնողական կենտրոնների հետ:
Լրագրողների հարցին՝ թիվ մեկ ծերատան նախկին տնօրենն ազատվել է աշխատանքից և նշանակվել է մեկ, ով չէր կարողանում իրավիճակը կառավարել, ահազանգեր կան, սնունդն ուշ են ստանում, փոխնախարարն ասաց, որ իրավիճակն այնտեղ վերահսկելի է. «Շուտով տատիկ -պապիկները, աշխատողները կպատվաստվեն: Հիմա Առողջապահության նախարարության հետ տատիկ-պապիկներին իրազեկման աշխատանքներ են կատարվում, իսկ սննդի խնդիր չունենք»: