ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պարզաբանում Արագածի գիտական կենտրոնի տարածքը վարձակալության հանձնելու վերաբերյալ

Պարզաբանում Արագածի գիտական կենտրոնի տարածքը վարձակալության հանձնելու վերաբերյալ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը պատկանող Արագածի գիտական կենտրոնը և ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակը որևէ ընկերության վարձակալությամբ չեն տրամադրվել գումարի դիմաց։ Գիտական կենտրոնի տարածքը և աստղադիտակը պահպանվում են «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության կողմից։ Տարածքում գտնվող 4 անտենային էտալոնները ճանաչվել են ազգային չափանմուշներ, որոնց պահպանության և զարգացման համար պետական բյուջեից ամեն տարի տրամադրվում է 45 միլիոն դրամ։

Ինչ վերաբերում է 2022 թվականի սեպտեմբերի 10-12-ն Արագածի գիտական կենտրոնի տարածքում կայանալիք էլեկտրոնային երաժշտության փառատոնին և քեմփինքին, փաստենք, որ «ՍԵՆՍՈՐ» միջազգային փառատոնի կազմակերպման և անցկացման նպատակով «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության միջև կնքվել է թույլտվության պայմանագիր, համաձայն որի՝ «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպությունն իրավունք է ստանում 2022թ.-ի սեպտեմբերի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ժամանակավոր, անհատույց տիրապետել և օգտագործել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արագածի գիտական կենտրոնի անշարժ գույքի որոշակի մասը։

Պայմանագրով հստակ ամրագրված է. «Արգելվում է փառատոնի մասնակիցներին և «Արմատ քոմմյունիթի ժամանակակից արվեստ» հասարակական կազմակերպության աշխատակիցներին մտնել կամ օգտագործել այն տարածքները, որոնք չեն ներառված միջոցառման անցկացման համար դիտարկված հատակագծի մեջ՝ մասնավորապես ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակի և նրան հարող հարավային թունելի հատվածը, ինչպես նաև՝ ազգային չափանմուշների համար նախատեսված շինությունները» (մեջբերման ավարտը)։

Հավելենք՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունը ողջունում է տուրիզմի զարգացմանը նպաստող ցանկացած ողջամիտ գաղափար, ինչի արդյունքում Հայաստանը՝ իր պատմամշակութային և գիտական պոտենցիալով կարող է լավագույնս ներկայանալ աշխարհին։

_ Հատկապես վերջին 3 տարվա ընթացքում՝ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում գործում է Արագածի գիտական կենտրոնի տարածքի մուտքի թույլտվության հստակ ընթացակարգ՝ սկզբում [email protected] պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկվում են այցելուների ցուցակն ու անձը հաստատող փաստաթղթերի պատճենները, նամակով հստակեցվում է այցելության օրն ու ժամը (պետք է ընտրվի աշխատանքային օր), այնուհետև այցելության ժամանակ՝ կենտրոնի մուտքի մոտ այցելուները «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության պահակային ծառայության աշխատակիցներին ևս ներկայացնում են այցելուների ցուցակն ու անձը հաստատող փաստաթղթերը և նոր միայն պահակային ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ մուտք գործում գիտական կենտրոնի տարածք։

Մուտքի թույլտվության բոլոր գրություններում անխտիր նշվում է, որ արգելվում է մուտք գործել ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակի հարավային թունելի և թասի ներսի հատված` անվտանգության պահպանման անհրաժեշտությունից ելնելով:

 

Օտարերկրյա նկարահանող խմբերի դեպքում մինչ նկարահանման աշխատանքների իրականացումը մշտապես հանդիպում է կազմակերպվում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունում՝ առավել հանգամանալից ներկայացնելու Արագածի գիտական կենտրոնը և ՌՕԴ-54/2.6 ռադիո-օպտիկական աստղադիտակը։ Օտարերկրյա հյուրերին հակիրճ տեղեկատվություն է տրվում նաև Հայաստանի մշակութային և գիտական ժառանգության վերաբերյալ։

_ «ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակը ենթակա է վերազինման և վերաշահագործման» արտահայտությունը սխալ է, քանի որ դիտակը նախկինում չի գործել՝ ռադիոաստղադիտակի կարգաբերման (юстировка) անհնարիության և կոնստրուկտիվ համադրման տեսակետից կոպիտ սխալներով կառուցված լինելու պատճառով: Ընդամենը կատարվել են մի քանի փորձնական չափումներ, որոնք ի հայտ են բերել դիտակի կոնստրուկտիվ թերությունները։ Անգամ ՀՀ կրթության և գիտության նախարարության պետական կոմիտեի նախագահի 14.04.2015թ. № 10-Ա/Ք հրամանով ստեղծված աշխատանքային խումբն է եկել հետևյալ եզրակացությանը.

«ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակն այժմ լուրջ վերանորոգման կարիք ունի, ուստի ի վիճակի չէ գիտության ժամանակակից խնդիրներ լուծել:

ՌՕԴ-54/2.6-ի օգնությամբ ռադիոաստղագիտության, կապի ու կառավարման համակարգերի, անտենային տեսության և տեխնիկայի, այլ հարակից ոլորտների ժամանակակից գիտական խնդիրներ լուծելու հնարավորություններ ստեղծելու համար անհրաժեշտ է զգալի միջոցներ ներդնել, հիմնովին փոխել ռադիոդիտակի կառավարման համակարգերը՝ օգտագործելով այն փաստը, որ տվյալ ոլորտում գիտական սարքաշինությունը հսկայական առաջընթաց է կատարել վերջին տասնամյակների ընթացքում։ Անհրաժեշտ է ռադիոդիտակի նյութական արժեքի մեծ մասը կազմափոխել, անտենան կարգաբերել, վերանորոգել ռադիոդիտակի մի շարք այլ համակարգեր։ Սակայն ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը շահագործման վիճակի բերելու համար անհրաժեշտ հսկայական միջոցներ ներդնելը ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացվող միջոցներով անհնար է։

ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության համար հատկացվող միջոցներով իրատեսական և արդյունավետ չէ անգամ ներկա վիճակում ՌՕԴ-54/2.6 ռադիոդիտակը պահպանելու համար համապատասխան ֆինանսական միջոցներ հատկացնելը» (մեջբերման ավարտը)։

Փաստենք՝ եթե ռադիոդիտակը հնարավոր լիներ գործարկել, ապա դա կկատարվեր հենց ակադեմիկոս Պարիս Հերունու կենդանության օրոք կամ նրա մահից հետո ինստիտուտի աշխատակիցների կողմից: Սակայն հնարավոր չի եղել, քանի որ ռադիոդիտակի շինարարական աշխատանքներն ավարտվել են 1987 թ.-ին, իսկ կարգաբերման և համալարման (юстировка) աշխատանքներն ավարտին չեն հասցվել նրա ղեկավարման ժամանակաշրջանում՝ մինչև 2008 թվականը, քանի որ ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակը պատրաստվել է նախնական հաստատված նախագծից շեղումներով.

_ ՌՕԴ-54/2.6 ռադիոաստղադիտակի ստեղծման ողջ ծավալին մասնակցած մասնագետների հետ զրուցելու, դիտակի վերաբերյալ առավել հանգամանալից տեղեկատվություն ստանալու և հրապարակման ոչ ենթակա փաստաթղթերին ծանոթանալու համար խնդրում ենք կապ հաստատել ընկերության տնօրենի տեղակալի հետ (հեռ.՝ 010 23 26 00 (109), 041 41 51 91)։

ԸՆԴԳԾԵՆՔ, որ «Հերունու ազգային տիեզերական կենտրոն» հիմնարկը մասնավոր կառույց է, ոչ մի առնչություն չունի «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությանը պատկանող Արագածի գիտական կենտրոնի հետ և տարածում է իրականության հետ որևէ աղերս չունեցող տեղեկատվություն։

  • Կիսվել: