կիրակի, հունվար 29
29 / 1 / 2023
Օրենսդրական բարեփոխումներ հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում

Օրենսդրական բարեփոխումներ հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում

Հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները կապված են սպասարկման արդյունավետությունն ու որակը բարձրացնելու, համայնքների կողմից ներհամայնքային երթուղային ցանցի կազմակերպման նոր լուծումներ կիրառելու հետ: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը՝ ՀՀ ԱԺ արտահերթ նիստում ներկայացնելով Կառավարության ներկայացրած՝ ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Առաջարկվում է գործող ընթացակարգերին զուգահեռ սահմանել ներհամայնքային երթուղիների սպասարկման կազմակերպման նոր ընթացակարգ, որը հնարավորություն կտա ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպություններին ընտրել ոչ միայն մրցույթով, այլ նաև «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան գնման ընթացակարգով: Համայնքին մատուցվելու է սահմանված գնման գործընթացով նախատեսված պահանջներին համապատասխանող և պահանջված քանակի ավտոբուսներով սպասարկման ծառայություն, որի վճարումը կատարվելու է տվյալ երթուղու յուրաքանչյուր կիլոմետրի սպասարկման համար:

Առաջարկվող կարգավորմամբ ուղևորների վճարված փոխադրավարձն ամբողջությամբ վճարվելու է համայնքի բյուջե, և փոխադրող կազմակերպությունը համայնքից ստանալու է իր ծառայության ֆիքսված գնման գործընթացի շրջանակում սահմանված վճարը՝ անկախ փոխադրված ուղևորների քանակից: 
 
Ըստ Արմեն Սիմոնյանի` ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումները գնման գործընթացի միջոցով կազմակերպելու դեպքում համայնքը պայմանագիրն օպերատորի հետ կկնքի 5-10 տարի ժամկետով` հաշվի առնելով տրանսպորտային միջոցների արտադրության տարեթիվը և չափորոշիչները:

Նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ԱԺ նիստում: 

 

  • Կիսվել: