կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մեկ տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնություններ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մեկ տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնություններ

Ազգային ժողովը փետրվարի 27-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է մեկ տասնյակից ավելի օրենսդրական նախաձեռնություններ:

ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանի ներկայացմամբ քննարկվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից օրինագծերի փաթեթը:

Նախաձեռնությամբ նախատեսվում է, որ տեսալուսանկարահանման սարքերի միջոցով իրականացվող խախտումների դեպքում որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու պայմաններում ՀՀ քաղաքացիները նշանակված տուգանքը կարող են ստանալ 20 տոկոս ավելի ցածր չափով: Առաջինից երկրորդ ընթերցում որոշում է կայացվել, որ կանոնն ուժի մեջ կմտնի այս տարվա մայիսի 1-ից՝ հուլիսի 1-ի փոխարեն:

«Անկախ էլեկտրոնային ծանուցումից՝ 15-օրյա ժամկետում տուգանքի 30 տոկոսը վճարելուն վերաբերող կանոնն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից»,- ընդգծել է փոխնախարարը և հավելել, որ բոլոր փոփոխությունները վերաբերում են օրենքն ուժի մեջ մտնելուց հետո իրականացված վարչական իրավախախտումներին:

Զեկուցողը մանրամասնել է նաև առաջինից երկրորդ ընթերցում բալային համակարգում իրականացված փոփոխությունները: Փաթեթից հանվել է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում նախատեսող օրինագիծը:

Ելույթներում պատգամավորները ողջունել են փոփոխությունները՝ նշելով, որ դրանք միտված են ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը և քաղաքացիների՝ ավելի օրինապահ վարքագծի դրսևորմանը:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում առաջարկվող լրացումները, որոնցով ներդրվում է մրցութային ընթացակարգ: Մրցույթ կհայտարարվի մաքսային հսկողության գոտիներում գործունեություն ծավալող մասնավոր սուբյեկտներին որևէ տարածք հատկացնելիս, և նման թույլտվությունները կտրվեն մրցութային հիմքերով: Ասվածը վերաբերում է նաև դյութիֆրիներին, անմաքս առևտրի սրահներին: Սահմանվում է նաև նախաորակավորման ընթացակարգ: Նախաորակավորման պայմանների դրույթներով անմաքս առևտրի սրահներում Հայաստանում արտադրված ապրանքները ներմուծված ապրանքների նկատմամբ ավելի նպաստավոր դիրք են ունենալուգ ցուցադրվելու են առավել մատչելի ու տեսանելի վայրերում:

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում առաջարկվող նոր կարգավորումներով ՊԵԿ-ում կներդրվի կատարողականի գնահատման համակարգ, որով կառույցում կգործի արդար վարձատրության մեխանիզմ: Դա կապահովի կոմիտեի ծառայողների համար լրացուցիչ սոցիալական երաշխիքներ՝ սահմանելով արժանապատիվ վարձատրության չափ, որը ծառայողներին նաև կոռուպցիոն դրսևորումներից հնարավորինս զերծ պահելու երաշխիք կհանդիսանա:

Ռուստամ Բադասյանը ներկայացրել է նաև Հարկային ու Վարչական դատավարության օրենսգրքերում նախատեսվող լրացումները և փոփոխությունները: Հարկային վարչարարության ընթացքը և արդյունքների արձանագրումը տեսաձայնագրելու հնարավորություն է ստեղծվելու: Զեկուցողը նշել է, որ ՊԵԿ-ն իրականացնում է տարբեր հարկային հսկողության միջոցառումներ՝ հսկիչ գնումներ, չգրանցված աշխատողների, դրոշմապիտակների առկայության ստուգումներ և հաճախ հետագա դատական բողոքարկման փուլերում նաև առաջանում է ապացույցների հարց: Առաջարկվող կարգավորումներով հարկային հսկողության ընթացքը բացահայտ տեսաձայնագրելու հնարավորություն կլինի, որով ՊԵԿ-ը կկարողանա հարկային վարչարարության մասով արդյունավետությունը գնահատել, ինչպես նաև ապացույցների մասով խնդիրներ չեն առաջանա: Առաջինից երկրորդ ընթերցում նախագծերի փաթեթից հանվել է այն կարգավորումը, որով տնտեսվարողներն առևտրի իրականացման վայրում պետք է տեսահսկման որոշակի համակարգ ապահովեին:

Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի նպատակը ռիսկերի կառավարման համակարգին ինտեգրելու համար հարկ վճարողների բանկային հաշիվների շարժի վերաբերյալ ամփոփ տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև հարկային ստուգումների և ուսումնասիրությունների ընթացքում հարկային մարմնին բանկային քաղվածքների տրամադրման գործընթացի կարգավորումն է: «Խոսքը զգայուն տեղեկությունների մասին չէ, այլ՝ ընդամենը հարկ վճարողի բանկային հաշվով կատարված գործարքների հանրագումարի վերաբերյալ որոշակի տեղեկատվության»,- մանրամասնել է Ռուստամ Բադասյանը:

«ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով կկարգավորվեն հարկային մարմնի կողմից չկատարված հարկային պարտավորությունների գանձման հետ կապված ընթացակարգային հարցերը: Մասնավորապես, հստակեցվելու են, թե  ինչպես պետք է ծանուցումն ուղարկվի հարկ վճարողի կողմից, ինչքան ժամանակ է տրամադրվում վերջինիս հարկային պարտավորությունները կատարելու համար և հարկային պարտավորությունը չկատարելու դեպքում ինչ ընթացակարգերով են նյութերն ուղարկվում հարկադիր կատարում ապահովող ծառայությանը:

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով «Հանրային առողջապահության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, նշել է, որ դրա ընդունումը կնպաստի ոլորտում ավելի ճկուն քաղաքականության իրականացմանը, կփոփոխվի ենթաօրենսդրական ակտերի ամբողջ շրջանակը: Նախախարի խոսքով օրենսդրական փաթեթով սահմանվել են շարք նոր հասկացություններ, տրվել են նոր կարգավորումներ, վերանայվել նախկինում առկա կարգավորումները:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Թանգարանների մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագծերի փաթեթը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծերի փաթեթը լրամշակվել է, ընդունվել են պատգամավորներ Թագուհի Ղազարյանի և Լիլիթ Գալստյանի ներկայացրած որոշ առաջարկներ: Հաշվի են առնվել նաև թանգարանների և ոլորտի ՀԿ-ների ներկայացուցիչների ներկայացրած առաջարկները:

«ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» և կից օրենքներում առաջարկվող փոփոխություններով էլ կվերանայվի շնորհվող պատվավոր կոչումների շրջանակը՝ օրենքից հանելով սահմանված մի շարք պատվավոր կոչումներ: 17 պատվավոր կոչումներից կմնա միայն «Վաստակավոր կոլեկտիվ» պատվավոր կոչումը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը հիշեցրել է, որ այս կարգավորումը չի տարածվելու մինչ նախագծի ընդունման պահը շնորհված պատվավոր կոչումների վրա: Առաջին ընթերցումից հետո խմբագրական փոփոխություններ են կատարվել:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններն էլ ներկայացրել է Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը: Գործող օրենքով Կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Առողջապահության նախարարության կողմից տրված եզրակացության հիման վրա մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ, ներառյալ նախքան կենսաթոշակի տարիքը լրանալը, ներկայացնել իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջը: Ներկա պահին գործընթացն իրականացնում է Առողջապահության նախարարությունը: Նախագծով նախատեսվում է այդ գործառույթը վերապահել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը: Այդ ստորաբաժանումն է իրականացնում կենսաթոշակի, նպաստների, դրամական վճարների նշանակումը և տրամադրումը, ինչպես նաև անձի ֆունկցիոնալության գնահատումը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ մեկ տեխնիկական շտկում է կատարվել:

  • Կիսվել: