ԼՂ-ից բռնի տեղահանվածների քաղաքացիության տրամադրման գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով․ ՆԳ նախարար
Կառավարության նիստի ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն տրամադրելուն, նշել է, որ գործընթացն իրականացվում է պարզեցված ընթացակարգով և առանց առցանց հերթագրման։ Նախարարի խոսքով՝ վերջին շրջանում դիմումների հոսքն առավել ինտենսիվ է․ 9346 անձի ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է քաղաքացիություն, 4400 անչափահաս ևս անձնագրավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով, որևէ դիմում չի մերժվել։
Արփինե Սարգսյանը նաև ընդգծել է, որ չնայած «Քաղաքացիության մասին» օրենքով քաղաքացիություն ստանալու դիմումների քննարկման համար սահմանված է 90 աշխատանքային օր, սակայն ԼՂ ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց դիմումները քննարկվում են առավել կարճ ժամկետում՝ 1 ամսում։
ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմելիս անհրաժեշտ է վճարել 1000 դրամ։