չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ողբերգական դեպք Երևանում. շինհրապարակի տարածքում հայտնաբերվել է աշխատակցի դին

Ողբերգական դեպք Երևանում. շինհրապարակի տարածքում հայտնաբերվել է աշխատակցի դին

Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։Ժամը 14:40-ի սահմաններում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել քաղաքացուց, ով հայտնել է, որ Սևանի փողոցի 21/5 հասցեում գործող շինհրապարակում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ ահազանգը փոխանցվել է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը, բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Չիբուխչյանի գլխավորությամբ։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ։

Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Նարեկ Բարսեղյանն ու կրտսեր պարեկ Արսեն Թորոսյանը։Ոստիկանները ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ, 65-ամյա Ժոռա Պապյանի դին։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս նշված վայրում, շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ, ունեցել է ինքնազգացողության վատացում, ինչի պատճառով էլ բարձրությունից ընկել և տեղում մահացել է։

Շինարարությունը պատկանում է ֆիզիկական անձ Մանվել Հարությունյանին, իսկ շինհրապարակի տարածքում բացակայում էր թույլտվության ցուցանակը, որը պարտադիր է։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

  • Կիսվել: