ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Ո՞ւր է Երևանի քաղաքապետը, ինչո՞ւ չի ներկայացել քննարկումներին. Մանե Թանդիլյանը՝ փոխքաղաքապետին

Ո՞ւր է Երևանի քաղաքապետը, ինչո՞ւ չի ներկայացել քննարկումներին. Մանե Թանդիլյանը՝ փոխքաղաքապետին

«Ո՞ւր է Երևանի քաղաքապետը, ինչու չի ներկայացել այս քննարկումներին»,-այսօր Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ նշեց նիստը վարող «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ դիմելով Երևանի փոխքաղաքապետ հայկ Սարգսյանին։

«Եթե առաջ որոշ տեղեկություններ էինք ունենում, թե ինչու չի գալիս, արդեն երկրորդ անգամ է և նշեք Ձեզ մոտ, որ եզակի և միակ պաշտոնյան է, որը ԱԺ-ում բյուջեի քննարկումներին երկրորդ անգամ բացակայում է: Եթե մեկուսացման խնդիր կա, որի մասին մամուլից եմ իմանում, մենք հնարավորություն ունենք հեռավար կազմակերպելու: Անհրաժեշտ է ժամանակին տեղյակ պահել։ Պարզաբանեք, թե ինչու ԱԺ-ին չի տեղեկացվում»,- նշեց Թանդիլյանը։

Նա նաև հարցրեց, թե ինչու է այսօր խորհրդարանում Երևանի բյուջեի կատարողականը Հայկ Սարգսյանը ներկայացնում, եթե կա առաջին տեղակալ։

«Հատկապես՝ Դուք այն պաշտոնյան եք, որը աշխատանքից ազատվելու խնդրանքով է դիմել, որը դրանից հետո անհասկանալի պատճառներով 1,8 մլն դրամի պարգևավճար է ստանում: Դուք ո՞ւմ եք ներկայացնում»,- ասաց Մանե Թանդիլյանը:

Ի պատասխան Երևանի փոխքաղաքապետն ասաց, որ Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը հայտնել է քաղաքապետի բացակայության պատճառի մասին։

«Ես ևս մեկ անգամ ասեմ՝  խոսքն այն մասին է, որ քաղաքապետը երկու վարակված աշխատակիցների հետ սերտ շփման արդյունքում կոնտակտավոր անձ է: Իսկ թե ինչու եմ ես ներկայացնում, այլ ոչ քաղաքապետի առաջին տեղակալը, քանի որ սա ֆինանսական զեկույց է և քաղաքապետը նպատակահարմար է գտել, որ ֆինանսական գծով ղեկավարը ներկայացնի»,- ասաց Հայկ Սարգսյանը։

Մանե Թանդիլյանն էր արձագանքեց. «Եթե վարչապետը կարողացել է վարակված լինելու պայմաններում հեռավար մասնակցել, ապա կարծում եմ քաղաքապետի համար եւս կարող էինք հեռավար մասնակցությունն ապահովել»:

  • Կիսվել: