հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Թուրքիան բանակցություններ է վարում S-400-ները 3-րդ երկրի փոխանցելու հարցով

Թուրքիան բանակցություններ է վարում S-400-ները 3-րդ երկրի փոխանցելու հարցով

Թուրքիայի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ամենշաբաթյա մամուլի ասուլիսը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել երկրի արտաքին քաղաքականությանն ու ռազմական ոլորտին առնչվող մի շարք հարցերի։ Ասուլիսում քննարկված հարցերի վերաբերյալ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքիայի ՊՆ-ն մասնավորապես հայտնել է, որ ռուսական արտադրության «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերը երրորդ երկրին փոխանցելու հարցով բազմակողմանի աշխատանքներ են իրականացվում։ Նշվել է, որ քայլն ուղղված է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի դեմ սահմանված «CAATSA» պատժամիջոցների չեղարկմանը:

«Կոնկրետ զարգացումների դեպքում հանրությունը կտեղեկացվի»,- նշվել է հաղորդագրությունում։

Մանրամասներ են հաղորդվել նաև հուլիսի 13-ին Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարի գլխավորած պատվիրակության Սիրիա կատարած այցի մասին: Նշվել է, որ նպատակն է եղել ամրապնդել ռազմական համագործակցությունն ու կոորդինացիան ծովային ոլորտում, ինչը, ըստ թուրքական կողմի, կնպաստի տարածաշրջանային կայունությանը։

Թուրքիայի ՊՆ-ն անդրադարձել է նաև Եգիպտոսի հետ հարաբերություններին։ Նշվել է, որ երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ստորագրվել է «Պաշտպանական համագործակցության մտադրությունների հուշագիր»։

Ըստ հաղորդագրության՝ այս փաստաթուղթը երկկողմ հարաբերությունները դնում է ինստիտուցիոնալ հիմքերի վրա և ուղղված է փոխադարձ վստահության խորացմանն ու տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։

  • Կիսվել: