կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում կառուցապատողը պարզաբանում է

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում կառուցապատողը պարզաբանում է

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի տարածքում բնակելի շենքի կառուցման դեմ այսօր մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում: Նրանք պահանջում էին դադարեցնել շինարարությունը՝ մեկնաբանելով, որ քիմիական նման փորձարկումներ իրականացնող ինտստիտուտն ու բնակելի շենքը նույն տարածքում անհամատեղելի են։

Տարածքում շինարարություն իրականացնող «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը, արձագանքելով դրան, հայտարարություն է տարածել՝ պարզաբանելով, թե խոսքը ինչ տիպի շինության մասին է․

««Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունը Երեւանում՝ Ազատության պողոտա 26/1 հասցեում կառուցելու է էներգախնայող, էկոարդյունավետ և բազմաֆունկցիոնալ համալիր: Կառուցվելու է ժամանակակից, «կանաչ» շենք՝ էկոշինարարության բոլոր ստանդարտներին համապատասխան:

Շենքը կլինի էներգախնայող, էկոարդյունավետ, շրջակա միջավայրի համար անվտանգ: Ներդրումային ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը մոտ 10 մլրդ ՀՀ դրամ է, որի մեծ մասն ուղղակի օտարերկրյա ներդրում է:

Կառուցապատման փուլում վճարվելու է մոտ 2 մլրդ ՀՀ դրամի չափով հարկ և ստեղծվելու է 100-ից ավել աշխատատեղ: Բնակարանները հասանելի կլինեն նաեւ երիտասարդ մասնագետներին ու գիտնականներին՝ երկարաժամկետ վճարման շահավետ պայմաններով, իսկ հասարակական տարածքներում ստեղծվելու են բիզնես ինկուբատորներ։

Կառուցվելու է մոտ 200 մեքենայի համար նախատեսված ստորգետնյա ավտոկայանատեղի: Այս պահին իրականացվում են տարածքի հորատման աշխատանքներ: Մեր աշխատանքները չեն արգելափակում որևէ այլ տարածքի ելումուտը, չեն խոչընդոտում որևէ կառույցի, հասարակական նշանակության օբեկտի, տնտեսվարող սուբեկտի շենք-շինությունների բնականոն աշխատանքը:

Տեղեկատվությունը, թե երեկ առավոտյան ոստիկանների օգնությամբ քանդել են ՀՀ գիտատեխնոլոգիական կենտրոնի պարիսպը, չի համապատասխանում իրականությանը: Հորդորում ենք, չստեղծել անտեղի ու անհիմն լարվածություն և չխոչընդոտել օրինական դաշտում գործող ընկերության գործունեությանը»,-պարզաբանում են «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունից։

  • Կիսվել: