հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Նոր կարգ․ արտակարգ կամ ռազմական իրավիճակներում տուժած անձանց բուժօգնությունն անվճար է

Նոր կարգ․ արտակարգ կամ ռազմական իրավիճակներում տուժած անձանց բուժօգնությունն անվճար է

Առողջապահության նախարարության առաջարկով` կառավարության որոշմամբ նոր կարգ է սահմանվել, ըստ որի` Հայաստանում կամ Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում տուժած անձանց հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով:

Նշենք, որ վերջիններս օգտվում են անվճար հիվանդանոցային բուժօգնությունից, այդ թվում՝ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից:

Տուժած անձինք նաև անվճար պայմաններով կարող են առողջության առաջնային պահպանման ծառայություններ ստանալ իրենց կողմից կամավոր ընտրված ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունում:

Ի դեպ, տուժած անձին տրամադրվող պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնությունը և սպասարկումը ներառում է նաև լաբորատոր ախտորոշիչ գործիքային հետազոտությունները և դեղերի տրամադրումը:

Տուժածի՝ անձը հաստատող փաստաթղթերի բացակայության դեպքում, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից տրամադրված ժամանակավոր փաստաթուղթը:

  • Կիսվել: