երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
ՆԳՆ ՓԾ Արարատի և Շիրակի մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են հուլիս ամիսը

ՆԳՆ ՓԾ Արարատի և Շիրակի մարզային փրկարարական վարչություններն ամփոփում են հուլիս ամիսը

ՆԳՆ փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումների կողմից շարունակվում են պարբերաբար անցկացվել աղետների դիմակայմանն ուղղված տարատեսակ միջոցառումներ, որոնք միտված են մասնակիցների գիտելիքների ու հմտությունների կատարելագործմանը, վերջիններիս պատրաստվածության բարձրացմանը և իրազեկման միջոցառումների իրականացմանը։

Միջոցառումների շրջանակներում հուլիս ամսվա ընթացքում Արարատի մարզի Արտաշատի և Մասիսի համայնքապետարաններում անց են կացվել աղետների ռիսկի կառավարման խորհրդի նիստեր, որոնց մասնակցել են ՆԳՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ և տեղակալներ, ինչպես նաև աղետների ռիսկի կառավարման խորհրդի անդամներ և բնակավայրերի վարչական ղեկավարներ։

Նիստերի ժամանակ արծարծվել են Մասիս համայնքի տարհանվող բնակչության համար պարենային և ոչ պարենային ապրանքների կուտակման, Արտաշատ և Մասիս համայնքներում շչակների քանակի ավելացման և միասնական համակարգի ստեղծման, Արտաշատ և Մասիսի քաղաքների բազմաբնակարան շենքերի նկուղների մաքրման և պահպանման աշխատանքների իրականացման, Արտաշատ համայնքում սելավատարերի մաքրման ուղղությամբ տարվող աշխատանքների իրականացման, ինչպես նաև համայնքում թափառող շների հետ կապված բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով տարվող միջոցառումների իրականացման մի շարք հարցեր։

Հաշվի առնելով սեզոնային առանձնահատկություները և հրդեհավտանգ իրավիճակը՝ բնակչության շրջանում իրականացվել են հրդեհների կանխարգելման ուղղությամբ իրազեկման աշխատանքներ՝ առանձնակի ուշադրություն դարձնելով խոտհունձի, չորացած խոտի հավաքման և տեղափոխման աշխատանքների կատարմանը, չոր խոտածածկ տարածքներում հրկիզումների բացառմանը, ինչպես նաև ստեղծված իրավիճակին օպերատիվ արձագանքելու նպատակով բնակավայրերում կամավորական ուժերը բարձր պատրաստվածության վիճակի բերելու հիմնախնդրին։

Ամսվա ընթացքում, համաձայն ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառվարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման» ծրագրի, Շիրակի մարզի Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում անց է կացվել «Հրդեհի դեպքում աշխատակիցների և խնամքի տակ գտնվող անձանց տարհանման կազմակերպումը» թեմայով օբյեկտային վարժանք, որին ներգրավված էին ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության անձնակազմը, բուժաշխատողներ և տեխնիկական սպասարկողներ:

Վարժանքը անց է կացվել տեսական և գործնական փուլերով, որոնց ընթացքում ստուգվել են անձնակազմի տեսական գիտելիքները և գործնական հմտությունները հրդեհի դեպքում, պատրաստվածության աստիճանը և արձագանքող ուժերի փոխհամագործակցության մակարդակը։

Գործնական փուլում շեշտը դրվել է տարհանման միջոցառումների կազմակերպման աշխատանքների վրա։

Վարժանքի ընթացքում քննարկվել են հրդեհից առաջացող վտանգների և վնասների, հրդեհի ժամանակ վարքականոնների կիրառման, ինչպես նաև փրկարարական գործողությունների կազմակերպման աշխատանքների վրա։

Նշենք, որ ՆԳՆ ՓԾ տարածքային ստորաբաժանումների կողմից պարբերաբար կազմակերպվող և անցկացվող նմանօրինակ միջոցառումները կրում են շարունակական բնույթ։

  • Կիսվել: