հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
Մուսալեռի դպրոցից տարբեր հիվանդանոցներ տեղափոխված 8 աշակերտները դուրս են գրվել

Մուսալեռի դպրոցից տարբեր հիվանդանոցներ տեղափոխված 8 աշակերտները դուրս են գրվել

Մուսալեռի Ֆրանց Վերֆելի անվան միջնակարգ դպրոցից նախօրեին տարբեր հիվանդանոցներ տեղափոխված 8 աշակերտները դուրս են գրվել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց դպրոցի տնօրեն Նաիրա Սվարյանը։

«6 երեխայի Վաղարշապատի բժշկական կենտրոնից երեկ երեկոյան դուրս են գրել, 2 աշակերտ էլ տեղափոխվել էին «Մուրացան» բկ, նրանք ևս դուրս են գրվել։ Աշակերտների առողջական վիճակը լավ է։ Փառք Աստծո, կարծես թե, վերջացավ այս ամենը, երկուշաբթի օրվանից դասերը բնականոն հունով կշարունակվեն»,- հայտնեց տնօրենը։

Տնօրենը երեխաների հետ խոսել է, նրանք բոլորն իրենց լավ են զգում:

Հիշեցնենք, որ երեկ Մուսալեռի միջնակարգ դպրոցում արտակարգ դեպք էր գրանցվել․ աշակերտների և ուսուցիչների մոտ անսովոր հազ էր սկսվել։ Ինքնազգացողությունը վատացած երեխաներին տեղափոխել են բժշկական կենտրոններ։

ՆԳՆ-ից դեպքի հետ կապված պարզաբանել էին, որ նույն դպրոցի 10-րդ դասարանի աշակերտը, փորձարկելու նպատակով, արցունքաբեր գազ է օգտագործել, ինչից հետո մի խումբ աշակերտներ թունավորում՛ ախտորոշմամբ տեղափոխվել են հիվանդանոց:
15-ամյա պատանին ներկայացվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ ներկայացրել է արցունքաբեր գազի բալոնը:

 

  • Կիսվել: