կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Թուրքիայի և Հունաստանի նպատակն է հաստատել երկկողմ տնտեսական համագործակցություն

Թուրքիայի և Հունաստանի նպատակն է հաստատել երկկողմ տնտեսական համագործակցություն

Հունաստանի տնտեսական դիվանագիտության գծով արտաքին գործերի փոխնախարար Կոստաս Ֆրանգոյանիսն անդրադարձել է թուրք-հունական հարաբերություններին։ Նա նշել է, որ երկու երկրների միջև դրական օրակարգ սկսելու նպատակները շատ պարզ են՝ հաստատել երկկողմ տնտեսական համագործակցություն, գրում է ermenihaber.am-ը:

«Միաժամանակ հասել ենք երեք նպատակի։ Առաջինը՝ երկու երկրների միջև լավ մթնոլորտ ստեղծելն է։ Երկրորդ նպատակը կոնկրետ խնդիրները քննարկելն ու դրանց լուծում տալն է, իսկ երրորդը՝ ճգնաժամային լարվածության ժամանակ կապի պահպանումն է»,- ընդգծել է Ֆրանգոյանիսը։

Արտաքին գործերի փոխնախարարը նշել է, որ կայացած թուրք-հունական 6 հանդիպումներում կողմերը համաձայնության են եկել 15 հարցի շուրջ և մասնավորապես ընդգծել է թուրք-հունական գործարար խորհրդի կարևորությունը։

Վերոնշյալ խորհուրդը երկու երկրների գործարար մարդկանց խրախուսում է համագործակցել զբոսաշրջության, գյուղատնտեսության և սննդի, շինարարության և լոգիստիկ ոլորտներում։ Ըստ նրա՝ դրական օրակարգի շրջանակներում երկու երկրների մաքսային ծառայությունների միջև ապահովվել է համագործակցության ավելի լավ մակարդակ, ինչպես նաև հայտարարել է, որ Հունաստանի սահմանային անցակետ մի քանի շաբաթվա ընթացքում կթարմացվի և կկանխվեն երկար հերթերի գոյացումները։

Ֆրանգոյանիսը նաև հավելել է, որ աշխատանքներ են տարվում Թուրքիայից հունական կղզիներ ժամանող զբոսաշրջիկների վիզաների տրամադրումը հեշտացնելու ուղղությամբ և կարևորել է թուրք զբոսաշրջիկների այցերը հունական կղզիներ։

Անդրադառնալով երիտասարդների, առողջապահության և սպորտի ոլորտներում համագործակցությանը՝ հույն պաշտոնյան նշել է, որ Անկարա կատարած վերջին այցի շրջանակներում առողջապահության ոլորտում ստորագրվել է պայմանագիր, ըստ որի՝ Թուրքիայում Հունաստանի քաղաքացիները և Հունաստանում Թուրքիայի քաղաքացիները հնարավորություն ունեն բուժում ստանալու։ Ֆրանգոյանիսը նաև հավելել է, որ երիտասարդների, գիտնականների և ուսանողների համար կազմակերպվում են մրցույթներ։

  • Կիսվել: