չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մտահոգիչ է, որ ԵՄ-ն չի թույլատրում հայկական գրանցմամբ օդանավերով թռիչքների իրականացումը․ Տաթևիկ Ռևազյան

Մտահոգիչ է, որ ԵՄ-ն չի թույլատրում հայկական գրանցմամբ օդանավերով թռիչքների իրականացումը․ Տաթևիկ Ռևազյան

Մտահոգիչ է, երբ տեսնում ես, որ Եվրոպական Միությունը դեռևս չի ճանաչում Ֆլայ Արնայի՝ որպես առանձին ավիաընկերության ձեռքբերումները և միջազգային անվտանգային ստանդարդներով խիստ աշխատելաոճը և չի թույլատրում հայկական գրանցմամբ օդանավերով դեպի ԵՄ երկրներ թռիչքների իրականացումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանը՝ շնորհավորելով այկական ազգային ավիաուղիներին համաշխարհային ճանաչում ունեցող IOSA անվտանգության հավատարմագիր ստանալու կապակցությամբ։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է․

«Շնորհավորում եմ Հայկական ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնային համաշխարհային ճանաչում ունեցող IOSA անվտանգության հավատարմագիր ստանալու կապակցությամբ։ 

Ավիացիայի ոլորտում ամենաբարդ IOSA աուդիտը հաջողությամբ անցնելն, իհարկե, արդյունավետ թիմային աշխատանքի և անվտանգային միջազգային ստանդարտներով աշխատելու մասին են վկայում։

Նշեմ, որ IOSA հավատարմագիրը շնորհվում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի՝ IATA-ի կողմից ավիացիոն համաշխարհային ստանդարտներին ավիաընկերության քաղաքականության, ընթացակարգերի և գործունեության համապատասխանության մանրակրկիտ ուսումնասիրության և գնահատման արդյունքում։

Արդարության և հավասարության կոչ 

Ցավոք, այս լավ լուրի հետ մեկտեղ պետք է բարձրաձայնեմ այն անհավասար վերաբերմունքի մասին, որին արժանանում է ազգային ավիաուղիներ Ֆլայ Արնան։ Մտահոգիչ է, երբ տեսնում ես, որ Եվրոպական Միությունը դեռևս չի ճանաչում Ֆլայ Արնայի՝ որպես առանձին ավիաընկերության ձեռքբերումները և միջազգային անվտանգային ստանդարդներով խիստ աշխատելաոճը և չի թույլատրում հայկական գրանցմամբ օդանավերով դեպի ԵՄ երկրներ թռիչքների իրականացումը։ Այստեղ կարևոր եմ համարում ընդգծել, որ նման հնարավորություն ավիացիայի պատմության մեջ արդեն տրվել է մի շարք այլ երկրների։ Ես կոչ եմ անում Եվրոպական Միությանը հավատարիմ մնալ հավասարության և արդարության իրենց հանձնառությանը․ Հայաստանը, որպես անկախ պետություն, արժանի է հավասար և արդար վերաբերմունքի։

Վերջերս Հայաստանը կնքել է ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիր և, ցավոք, այդ համաձայնագրի առավելություններից այս պահին օգտվում են միայն ԵՄ օդային փոխադրողները, քանի որ Հայաստանում գրանցված ավիաընկերությունները այս պահին գտնվում է ԵՄ ավիացիոն «սև ցուցակում»։

Ծառայելով Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտունում՝ ես նախաձեռնել և Հայաստան եմ բերել Air Arabia խմբի ներդրումը․ դա անելիս հաշվի եմ առել վերջինիս օրինակելի աշխատանքը՝ անվտանգային և գործառնական գերազանցության տեսանկյունից։ Այս քայլով նպատակ եմ ունեցել Հայաստան բերել ավիացիայի ոլորտում տարիների ընթացքում կուտակված լավագույն փորձը և գիտելիքները, որը կնպաստեր Հայաստանում ավիացիայի ոլորտի բարելավմանը և առաջընթացին․ սա այն է, ինչ Ֆլայ Արնան անում է իր հիմնադրման առաջին օրվանից ի վեր։

Միավորվելով անվտանգության գաղափարախոսության շուրջ

Ես հասկանում եմ, որ պետական ֆինանսավորմամբ կառույցները, ինչպիսին է ԵՄ-ն, սահմանափակված և կաշկանդված են հստակ քաղաքական օրակարգերով, սակայն խնդրում և կոչ եմ անում մեզ չօգտագործել անվտանգային մտահոգությունները քաղաքական օրակարգերի իրագործման նպատակով։ Նման քայլերով մենք վտանգում ենք համաշխարհային ավիացիայի ոլորտը՝ հակասելով ուղևորներին անվտանգ ճանապարհորդելու հնարավորություն ընձեռելու գաղափարախոսությանը։ Այս մտահոգության մասին ես պատրաստվում եմ բարձրաձայնել Լիսաբոնում մյուս ամիս կայանալիք Ավիացիոն փառատոնի ժամանակ։

Եվ վերջում, ցանկանում եմ կոչ անել բոլորիս միավորվել համընդհանուր ճշմարտության շուրջ․ այն է՝ անվտանգությունը չի ճանաչում սահմաններ։ Ավիացիայի ոլորտի կառավարման համար կիրառվող մեթոդաբանությունը և քաղաքականությունը պետք է լինի նույնը բոլոր ազգերի համար։

Շնորհակալություն համագործակցության համար»։

  • Կիսվել: