Օմանի ափերի մոտ հնդկական նավ է խորտակվել
Հնդկական մեխանիզացված առագաստանավը՝ Virat 1-ը, խորտակվել է Օմանի ափերի մոտ՝ շարժիչի տեխնիկական անսարքության պատճառով։ Այս մասին տեղեկացնում է Times of India-ն:
Նշվում է, որ անձնակազմի բոլոր 14 անդամները հաջողությամբ փրկվել են միջազգային փրկարարական գործողության ընթացքում։
Ըստ հնդկական իշխանությունների՝ միջադեպը տեղի է ունեցել Ռաս էլ Հադ հրվանդանից մոտ 80 ծովային մղոն դեպի արևելք։ Շարժիչի խափանումից հետո նավը կորցրել է ընթացքը, սկսել է ջուր ընդունել և հետագայում խորտակվել։ Անձնակազմը հասցրել է լքել նավը և տեղափոխվել փրկարարական լաստանավ։ Փրկարարական գործողությանը մասնակցել են Օմանի ափամերձ ծառայությունները, ԱՄՆ ռազմածովային ուժերը և մոտակայքում գտնվող առևտրային նավերը։ Ամերիկյան P-8 պարեկային ինքնաթիռը փրկարարական լաստանավ է նետել և համակարգել ծովայինների տարհանումը։
Հաղորդվում է նաև, որ ավելի ուշ բոլոր 14 հնդիկ նավաստիներին առևտրային MV Jabal Ali 9 նավը բարձրացրել է իր տախտակամած։ Հնդկաստանի Նավագնացության գլխավոր վարչությունից հայտնել են, որ անձնակազմի բոլոր անդամներն անվտանգ են և չեն տուժել։



