Բուլղարիայի ափերի մոտ նավ է խորտակվել. պատճառը կարող էր լինել պայթյունը կամ ԱԹՍ-ների հարձակումը
Սև ծովում BETUL 8 չոր բեռնատար նավն աղետի ազդանշան է ուղարկել: Այս մասին հայտնել է Բուլղարիայի տրանսպորտի և կապի նախարարությունը։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ գերատեսչությունից նշել են, որ տեղական ժամանակով 9։15-ին ուղարկված աղետի ազդանշանից հետևել է, որ նավը խորտակվում է Կալիակրա հրվանդանից մոտ 40 ծովային մղոն դեպի հարավ-արևելք։
Բուլղարիայի ազգային հեռուստատեսության չհաստատված տվյալներով՝ չոր բեռնատար նավն արդեն խորտակվել է։ Բուլղարիայի իշխանությունները դեպքի վայր են ուղարկել չորս նավ՝ երկու բուլղարական, մեկ ռումինական և մեկ թուրքական, ինչպես նաև երկու «Կուգար» ուղղաթիռ և ռազմաօդային ուժերի Սու-25 ինքնաթիռ՝ դիտարկման և հետախուզության նպատակով։
Նշվում է, որ Բուլղարիայի ափերի մոտ վթարի ենթարկված BETUL նավի անձնակազմի ութ անդամները Թուրքիայի, իսկ չորսը՝ Ադրբեջանի քաղաքացիներ են եղել։ Նրանք փրկվել են։
Համաձայն նախնական վարկածի՝ նավի խորտակման պատճառ կարող էր լինել անմիջապես դրանից առաջ տեղի ունեցած պայթյունը։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ նավը հարձակման է ենթարկվել երկու ծովային անօդաչու սարքերի կողմից։



