Միտումնավոր անվավեր ճանաչեցին, որ ԲՀԿ-ն չհայտնվի խորհրդարանում. Տոնոյան
Րոպեներ առաջ տեսանք, թե ինչպես են գողանում ժողովրդի վստահության քվեն։ Ինչպես գիշերվա կեսին անվավեր ճանաչեցին տեղամասերի արդյունքները, նույն կերպ էլ հիմա գողանում են ձեր քվեն: Այս մասին ԿԸՀ բակում հայտարարեց ԲՀԿ անդամ Իվետա Տոնոյանը՝ հավելելով. ՛՛Սովորաբար արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սովոր է, որ պետք է գիշերվա կեսին, մթության քողի տակ, հանցագործի նման՛՛:
Նա նաև նշեց. ՛՛Ամենալկտի ու այլանդակ ձևով Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որն իրեն հռչակում է կոլեգիալ մարմին, ոտնահարում է մեր հայրենակիցների՝ 3000-ից ավելի մեր հայրենակիցների ընտրելու իրավունքը։ Որևէ հոդաբաշխ բացատրություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ կոչվող Հովակիմյանը (ով, ըստ տարբեր շրջանառվող լուրերի, իր տան նկուղում, ասեմ, բունկեր է պատրաստում, ու շատ ճիշտ է անում, որ բունկեր է պատրաստում, բայց դա էլ չի փրկելու) չի տալիս։
Չի՛ կարելի նման կերպ վարվել ժողովրդավարության հետ։ Դո՛ւք եք խոսում, ա՛յ իշխանության կամակատարներ, դո՛ւք եք խոսում ժողովրդավարությունից, դո՛ւք եք խոսում արդարությունից։ Ո՞նց կարելի է նման արհամարհական վերաբերմունք ունենալ մեր ժողովրդի, ընտրություն կատարած մեր հայրենակիցների քվեի նկատմամբ։ Սա ամենավերջին մակարդակի լկտիություն է, որովհետև ակնհայտ է, որ կոնկրետ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղղորդվում է մեկ մարդու կողմից, ու այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփման նախագծի մեջ օգտագործված է հետևյալ ձևակերպումը, թե այս տեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու հարցը էական ազդեցություն չի ունեցել ընտրությունների ամբողջ գործընթացի վրա:
Այս դեպքում, բնականաբար, հասկանալի է, որ որքան էլ Վահագն Հովակիմյանը փորձի ձայնն իջեցնելով, դողդոջուն ձայնով այս հատվածն այնպես ընթերցել, որ հասկանալի չլինի, թե ինչ ձևակերպում է օգտագործում, բոլորին էլ հասկանալի է, որ կոնկրետ այս ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելն արվել է միտումնավոր և հետևողականորեն, որպեսզի պարզապես ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցությունը թվաբանական մանիպուլյացիայի արդյունքում չհայտնվի խորհրդարանում՛՛:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԿԸՀ-ն ներկայացրեց մանդատների բաշխումը, ըստ այդմ՝ ԲՀԿ-ն չանցավ խորհրդարան: ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ վերաքվեարկություն չի լինելու:



