ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մոսկվայում հայ գործարարի սպանության համար մեղադրվողը խոստովանել է իր մեղքը

Մոսկվայում հայ գործարարի սպանության համար մեղադրվողը խոստովանել է իր մեղքը

Մոսկվայի Խամովնիկի դատարանը երկու ամսով ձերբակալել է Հայաստանի քաղաքացի Հայրիկ Երվանդյանին, որը մեղադրվում է մայրաքաղաքի կենտրոնում հայ գործարար Հովհաննես Կամարյանի սպանության համար, հայտնում է «Կոմերսանտը»։

Հայտնի է, որ 62-ամյա Հովհաննես Կամարյանին գնդակահարել էին հունիսի 2-ի ուշ երեկոյան:

Սպանության մեջ մեղադրվողն ընդունել է մեղքը, պաշտպանական կողմը չի առարկել նրան ձերբակալելու դեմ։ 

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Մոսկվայի գրասենյակի ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան ասել է. ՛՛Քննչական գործողությունների իրականացման ընթացքում վկաները ճանաչել են մեղադրյալին որպես այն անձի, որը կատարել է հանցագործությունը: Եղած ապացույցների ծանրության տակ երիտասարդը հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը և դեպքի վայրում մանրամասնորեն ցույց է տվել՝ ինչպես է իրականացրել հանցագործությունը՛՛:

Մոսկվայի դատախազությունն էլ հայտնում է, որ շրջանային դատարանը դատախազության հետ միասին կքննի նրա նկատմամբ կալանքի տեսքով խափանման միջոց ընտրելու հարցը: 

ՌԴ ՔԿ-ն գործ է հարուցել ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածով (սպանություն) եւ ՌԴ Քրեական օրենսգրքի 222 հոդվածով (զենքի ապօրինի շրջանառություն)։

Նրան սպառնում է մինչև 20 տարվա, կամ՝ ցմահ ազատազրկում, եթե ապացուցվի, որ սպանությունը պատվիրված է: Հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը ռուսական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Մոսկվայի կենտրոնում անհայտ անձի կողմից սպանվել է 62-ամյա հայազգի գործարար Հովհաննես Կամարյանը, որը հետախուզվում էր ՀՀ ոստիկանության կողմից 35-104 հոդվածի երկրորդ մասով (շահադիտական նպատակով սպանություն նախապատրաստելը):

  • Կիսվել: