երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մոր և մանկան առողջության պահպանման ուղղությամբ լավ ցուցանիշներ են գրանցվել մայրական մահացության նվազման առումով. Ավանեսյան

Մոր և մանկան առողջության պահպանման ուղղությամբ լավ ցուցանիշներ են գրանցվել մայրական մահացության նվազման առումով. Ավանեսյան

Շարունակվել է բժշկական օգնության և սպասարկման հասանելիությունը մեծացնելու քաղաքականությունը ոչ միայն ֆիզիկական, այլ նաև ֆինանսական առումով, ինչպես նաև հասանելի բժշկական օգնությունը որակյալ և արդի պահանջներին համապատասխան չափորոշիչներով տրամադրելու ուղղությամբ: Կառավարության ծրագրով 2023 թվականի ընթացքում իրականացվել է 46 միջոցառում, որոնցից 42-ն ամբողջապես են իրացվել, 4-ը՝ մասնակի: Այդ 4 միջոցառումը վերաբերում է ապահովագրական փաթեթին: Այստեղ ժամկետների հետաձգում կա, քանի որ համապարփակ ապահովագրության բարեփոխումը կարևոր, հիմնարար և սկզբունքային փոփոխություն է ու առավել մանրամասն աշխատանքային քննարկումների կարիք ունի: Ակնկալվում է այս տարի գործընթացն ավարտել: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Վերոնշյալ մանրամասները ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

2023 թվականին ավելացել են պետական պատվերի շրջանակում հիվանդանոցային դժվարամատչելի բժշկական օգնության և սպասարկման ծավալները, մասնավորապես՝ մատուցված է 861.845 ծառայություն, ինչը 74.981-ով ավելի է նախորդ տարում տրամադրված ծառայությունների ծավալից:

Չարորակ նորագոյացություններով հիվանդներին վիրահատական և ոչ վիրահատական բժշկական օգնության ծառայություններն ավելացել են 50.000-ով, ինչը 1,5 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Շարունակվել են սքրինինգային ծրագրերը:

Սրտանոթային հիվանդությունների բժշկական օգնության տրամադրման մասով ևս կա դինամիկա. 42.000-ով ավելացել է ծառայությունների ծավալը, ներառվել են նոր ծառայություններ: Նախորդ տարվա համեմատ 2023 թվականին 10 տոկոսով նվազել են մահվան դեպքերը:

Նախարար Անահիտ Ավանեսյանը փաստել է՝ ավելացել են փոխպատվաստումների ընդհանուր ծավալները, հասել ենք թիրախային նպատակներին:

«Մեր նպատակն է Հայաստանում նորագոյացությունների բուժման ծառայությունների սպեկտրը հնարավորինս հասանելի դարձնել, և շատ քիչ դեպքեր ունենանք, երբ բուժումը պարտադիր անցկացվի այլ երկրներում»,- ասել է նա:

Նշվել է, որ մոր և մանկան առողջության պահպանման ուղղությամբ լավ ցուցանիշներ են գրանցվել նաև մայրական մահացության նվազման առումով: Արձանագրվել է մեռելածնության նվազում: Մանկական մահացության մասով բարելավում չի արձանագրվել, ինչը գնահատման և պատճառների վերհանման նախադրյալ է, ու այս ուղղությամբ հավելյալ միջոցառումներ պետք է իրականացվեն:

Նախարարը ներկայացրել է հանրապետությունում բժշկական կենտրոնների ու հիվանդանոցների կառուցման, վերակառուցման ու շինարարական աշխատանքները:

Ներկայացվել են դեղերի հասանելիության ոլորտում քայլերը: Նշվել է, որ շարունակվել են վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումները, ընդլայնվել են առողջ ապրելակերպի մասով միջոցառումները: Ոլորտի պատասխանատուն անդրադարձել է նաև էլեկտրոնային առողջապահության, մարդկային ներուժի զարգացման մասով կատարված աշխատանքներին:

Հարցուպատասխանի ընթացքում անդրադարձ է եղել դեղերի հասանելիությանը, ոլորտում գնումների գործընթացի կազմակերպմանը, մանկական մահացության հարցում պատճառների գնահատմանը, դեղերի ներկրման հեշտացման մեխանիզմներին, առաջնային օղակի աշխատանքի արդյունավետությանը, էլեկտրոնային դեղատոմսի անցնելու նպատակահարմարությանը և այլ խնդիրների:

Նախարարի պարզաբանմամբ՝ փորձնական օրինակով պարզվել է, որ թղթային տարբերակով դեղատոմս տրամադրելու գործողությունը 10-12 րոպե է տևում, իսկ էլեկտրոնային տարբերակով՝ 1-3 րոպե՝ պայմանավորված տվյալ մասնագետի համակարգչային հմտությամբ: Նրա խոսքով՝ թվայնացումն օգնում է կրճատել աշխատաժամանակը և ունենալ ավելի ճշգրիտ տվյալներ: Անահիտ Ավանեսյանը նշել է, որ 2023 թվականին մեկնարկել է ընտանեկան բժիշկների, մանկաբույժների և թերապևտների բոնուսային աշխատավարձերի համակարգը, որն էականորեն բարձրացրել է աշխատավարձերը:

Հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, խոսելով առաջնային օղակի աշխատանքի արդյունավետության կարևորության մասին, կարծիք է հայտնել, որ  հիվանդանոցային բուժօգնության ծավալները պետք է նվազեն առաջնային օղակի զարգացման շնորհիվ: Դեղերի հասանելիության մասով բողոքներին անդրադառնալով՝ պատգամավորը նշել է, որ «Գնումների մասին» օրենքում փոփոխության կարիք չկա, բայց տեխնիկական բնութագրերում կարելի է որոշակի չափորոշիչներ արձանագրել, գնումների գործընթացում հաշվի առնել ոչ միայն դեղի գինը, այլ նաև՝ որակը: Ըստ նրա՝ այս ոլորտում հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտություն կա:

Նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանումներ է ներկայացրել պատգամավորների մի շարք հարցադրումների առնչությամբ:

Զեկույցն ընդունվել է ի գիտություն:

  • Կիսվել: