Հարկ վճարելը պետք է սկսենք դիտել որպես ներդրում մեր կողմից մեր մեծ ընտանիքի բյուջեում. ՊԵԿ նախագահ
Հարկ վճարելը պետք է սկսենք դիտել որպես ներդրում մեր կողմից մեր մեծ ընտանիքի բյուջեում: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուրն իր ներդրումը պետք է ունենա այդ ընտանիքում, որպեսզի կարողանանք ընդհանուր շահերից բխող գործողություններ անել:
«Ես չեմ ասում՝ հարկ վճարելն է երջանկություն, ասում եմ՝ հարկի վճարման արդյունքում մենք հասնում ենք լիարժեք երջանկության ոչ թե առաջին հերթին մեզ համար, այլ բոլորիս համար»,- նշեց ՊԵԿ նախագահը:
ՊԵԿ նախագահը հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը երջանկության մասին «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ:
Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ երջանկությունը պետք է արտահայտված լինի պետական բյուջեում, նշել՝ ՀՀ-ում պետք է լինի երջանկության բյուջե, այսինքն՝ բյուջեները պետք է ուղղված լինեն նրան, թե ինչ է պետք Հայաստանի Հանրապետությանը և նրա քաղաքացիներին երջանիկ լինելու համար:
«Սա շատ կարևոր արձանագրում է, որ պետք է անենք, բայց չեմ ուզում և չեմ կարող ժխտել, որ մարդու երջանկության համար, ինչպես նշված է Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծում, անհրաժեշտ են նաև կենցաղային պայմաններ»,- ասել էր Փաշինյանը: