երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՀՕՊ հնարավորությունները 400%-ով բարձրացնելու անհրաժեշտություն է տեսնում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ՀՕՊ հնարավորությունները 400%-ով բարձրացնելու անհրաժեշտություն է տեսնում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն համարում է, որ դաշինքի հակաօդային պաշտպանության հնարավորությունները պետք է 400%-ով ավելացվեն: Ինչպես տեղեկանում ենք Reuters-ից, այս մասին Ռյուտեն կհայտարարի Լոնդոնում Chatham House-ի համաժողովում իր ելույթում, որից հատվածներ է տարածել նրա մամուլի ծառայությունը։

Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatnam House) Ռյուտեն կպնդի, որ զսպման և պաշտպանության հուսալի մակարդակ պահպանելու համար ՆԱՏՕ-ին հարկավոր է հակահրթիռային պաշտպանության աճ 400%-ով։

«Մենք Ուկրաինայում տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանն ահաբեկում երկնքից, ուստի մենք կամրապնդենք այն վահանը, որը պաշտպանում է մեր երկինքը։ Փաստն այն է, որ մենք պետք է հսկայական ցատկ կատարենք մեր հավաքական պաշտպանության հարցում։ Փաստն այն է, որ մենք պետք է ավելի շատ ուժեր և հնարավորություններ ունենանք մեր պաշտպանական պլաններն ամբողջությամբ իրականացնելու համար: Փաստն այն է, որ վտանգը չի վերանա նույնիսկ այն ժամանակ, երբ պատերազմն Ուկրաինայում ավարտվի», - նշված է նրա ելույթի տեքստի հրապարակված հատվածներում:

Ավելի վաղ Ռյուտեն Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումից հետո հայտարարել էր դաշինքի ռազմական հնարավորությունների՝ սառը պատերազմից ի վեր ամենազգալի ընդլայնման ծրագրերի հաստատման մասին: Նա նշել էր, որ հունիսի 24-25-ը Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին առաջարկ է ներկայացրել դաշինքի երկրների ռազմական ծախսերի շեմը ՀՆԱ-ի ներկայիս 2%-ից մինչև 2030 թվականը մինչև 5% բարձրացնելու մասին:

 

 

  • Կիսվել: