2024-ին արտաքին առևտրաշրջանառությունը կտրուկ ավելացել է. Գևորգ Պապոյան
2024-ին արտաքին առևտրաշրջանառությունը կտրուկ ավելացել է: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարարը՝ ներկայացնելով նախորդ տարվա վիճակագրությունը:
Արտահանումը, ըստ Պապոյանի, այս տարվա առաջին 4-5 ամսում նախորդ տարվա նկատմամբ 57 տոկոսով նվազել է, բայց տնտեսությունը 5,2 տոկոսով աճել է:
«Արտահանման ծավալը 2023-ին 8,5 մլրդ դրամ է եղել, առանց ոսկու՝ 6,8 մլրդ: Արտահանման ծավալը 2024 թվականին եղել է 13,1 մլրդ, առանց ոսկու՝ 7,5 մլրդ: Այսինքն՝ եթե ոսկին հանում ենք, 6,8-ը դարձել է 7 մլրդ 526 մլն:
Ես սա եմ միշտ ինձ համար աշխատանքային ցուցանիշ վերցնել, ոչ թե [այն, որ] 8,5-ը դառնա 13, հպարտանայի, որ այդքան ավելացավ»,- ասաց նա և հավելեց, որ իրականում ո՛չ ավելացումը, ո՛չ նվազումը շատ մեծ էֆեկտներ չեն բերում:
Անդրադառնալով ներմուծման ծավալներին՝ 2024 թվականին, ըստ նախարարի, ներմուծվել է 17 միլիարդից մի փոքր ավելի, առանց ոսկու՝ 11,1 միլիարդից մի փոքր ավելի:
Ինչ վերաբերում է աշխատատեղերի թվին, ապա ամեն հաջորդ ամիս, ըստ նախարարի, նոր թվեր են արձանագրվում:
«Աշխատատեղերի թվով, ըստ էության, պատմական ռեկորդներ ենք արձանագրում, և սա փաստ է արդեն»,- ասաց նա: