Միգրացիայի ոլորտի բարեփոխումներին ուղղված ծրագրի շրջանակում մեկնարկել են թվայնացման գործընթացներ
Ապրիլի 3-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության (ՄՔԾ) պետ Արմեն Ղազարյանը մասնակցել են ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ)՝ «Ամրապնդելով միգրացիայի ոլորտում քաղաքականության հիմքերի և կարողությունների արդյունավետ կառավարումը, Հայաստանում ապաստանի տրամադրման կառավարման զարգացումը և ՄՔԾ վերակազմակերպման աջակցությունը» ծրագրի մեկնարկի առթիվ կազմակերպված միջոցառմանը: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Միջոցառմանը ներկա են եղել նաև ոլորտի այլ կազմակերպությունների պատվիրակներ:
Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական Միությանը, ծրագրի շրջանակներում իմպլեմենտացնող բոլոր կառույցներին՝ երկարատև համագործակցության համար։ Նա նշել է, որ գործընկերությունն աստիճանաբար վերածվել է միասնական նպատակի, արժեհամակարգի իրացման համագործակցության։
Արփինե Սարգսյանը կարևորել է միջազգային գործընկերների օժանդակությամբ և կայուն համագործակցության արդյունքում առկա ծրագրի շրջանակներում այն թիրախները, որոնք միտված են ինչպես միգրացիոն կառավարման նոր սխեմայի առաջքաշմանը, այնպես էլ այնպիսի անձնակազմի և մեթոդաբանությամբ աշխատանքին, որը թույլ կտա հանրությանը մատուցվող ծառայությունների տեսանկյունից սահմանել նոր նշաձող և հետևողականորեն ամրապնդել այն: