ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Միայն որակ, միայն սկզբունք՝ «Երեմյան» կաթնամթերքի հաջողության բանալին ու գրավականը

Միայն որակ, միայն սկզբունք՝ «Երեմյան» կաթնամթերքի հաջողության բանալին ու գրավականը

Շուրջ երկու տասնամյակ է «Երեմյան» ապրանքանիշը դարձել է հայկական շուկայի վստահելի, կայուն և ազնիվ բիզնեսի խորհրդանիշներից մեկը։ «Երեմյան» բրենդի ներքո գործող ռեստորանները և սննդարդյունաբերական արտադրանքը վայելում են ոչ միայն հայաստանցի սպառողների սերն ու վստահությունը, այլև դարձել են մեր երկրի այցեքարտը հանրապետություն այցելող զբոսաշրջիկների շրջանում։ Չկա որևէ տուրիստական հարթակ, որտեղ Հայաստան այցելած տուրիստները խորհուրդ չտան այլ զբոսաշրջիկների որպես գաստրոտուրիզմի առաջնային վայր այցելել «Երեմյան» բրենդի ներքո գործող ռեստորաններն և համտեսել ընկերության արտադրած սննդի տեսականին։

InfoPort.am-ի անդրադարձն այս անգամ լինելու է «Երեմյան» կաթնամթերքին, որն իր արժանի տեղն է զբաղեցրել Գինեսի ռեկորդների գրքում։ 

Լոռվա գեղատեսիլ բնության գրկում՝ Տաշիր քաղաքի մերձակայքում է գտնվում Երեմյան ընկերությունների խմբին պատկանող ֆերմաներից մեկը։ Այն, ինչ տեսանք ֆերմա այցելելիս, կտպավորեր նույնիսկ ամենախստապահանջ սպառողին։ Առաջին բանը, որ աչք է զարնում, անթերի մաքրությունն է և բարձր սանիտարահիգիենիկ պայմանները։ Ֆերմա մտնող յուրաքանչյուր ոք, այդ թվում՝  նաև աշխատակիցները, պարտավոր են կրել հատուկ արտահագուստ․ մենք նույնպես բացառություն չէինք։ 

Հաջորդը, որ հաճելիորեն զարմացրեց մեզ, կաթնատու կովերի պահման պայմաններն են։ Չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ ընկերության ֆերմաներն իսկական կուրորտ են կովիկների համար․ այստեղ յուրաքանչյուր կով ունի իր անձնական կոմֆորտ տարածքը, նրանք պարբերաբար դուրս են գալիս զբոսանքի, տարածքն օդափոխվում է, հատուկ ուշադրություն է դարձվում նաև կենդանիների առողջությանը, և, չզարմանաք, նույնիսկ տրամադրությանը։ Այստեղ յուրաքանչյուր կով ունի իր անձնական վզնոցը, որն անխափան ֆիքսում է նրա առողջական տվյալները․ քանի անգամ է մոտեցել կերակրամանին, քանի անգամ է կթվել, քանի լիտր կաթ տվել և այլն։ Մինչև անգամ կովի տրամադրությունը կարելի է հասկանալ այդ սարքի միջոցով։ Երեմյան ֆերմայի բարձրատոհմիկ կովիկներին այլ կերպ չի էլ կարելի վերաբերվել։ Բարձրատոհմիկ բառի բուն իմաստով․ ֆերմայի բոլոր կովերը ներմուծված են արտասահմանից և սերում են հատուկ արժեքավոր ցեղատեսակներից։ Նրանցից յուրաքանչյուրը օրական շուրջ 35 լիտր կաթ է տալիս։ Ինչպես նշեց Երեմյան ընկերությունների խմբի գյուղատնտեսական նախագծերի ղեկավար Արծրուն Խաչատրյանը, ֆերմայում 2024 թվականին ընդհանուր առմամբ արտադրվել է 10 մլն տոննա կաթ։   

Ֆերման ապահովում է կաթնարտադրության փակ և ամբողջական ցիկլ։ Նշենք, որ ֆերմայում արտադրական պրոցեսը ամբողջապես ավտոմատացված է, մինիմումի հասցնելով մարդկային գործոնը, ինչն արտադրության ստերիլության և կաթի որակի, վիտամինների ամբողջականության պահպանման կարևոր գրավական է։ Կովերն ինքնուրույն մոտենում են կթման սարքին, նրանց ամրացվում է կթիչը,  կաթը խողովակներով հոսում է մեծ կոնտեյներների մեջ, դրանք հերմետիկ փակվում են և չեն բացվում մինչև Երևանում գործող Երեմյան կաթի գործարան հասնելը։ Փակ շղթայով կաթի տեղափոխումը նվազեցնում է բակտերիաների ներթափանցման հավանականությունը հարյուրավոր անգամներ։

Ընկերության՝ Արարատյան դաշտում գտնվող արտերից Լոռի է բերվում սիլոսի համար անհրաժեշտ հումքը՝ եգիպտացորեն, խոտ, ցորենազգիներ, ապա տեղում գործող արտադրամասում այդ հումքն աղում են և հատուկ տեխնոլոգիաների խիստ պահպանմամբ ստանում անասնակերը։ Արծրուն Խաչատրյանը նշեց, որ 2024 թվականին արտադրվել է 20 հազար տոննա սիլոս։   

Այս պահին «Երեմյան» կաթնամթերքի տեսականին հասնում է ավելի քան վեց տասնյակի։  Սակայն Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, մարքեթինգի և հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն Լուսինե Երեմյանը հավաստեց, որ առաջիկայում սպառողներին սպասվում են նոր, համեղ և առողջարար անակնկալներ։

Իսկ հիմա «Երեմյան» կաթնամթերքի ամենակարևոր նորության մասին․․․ «Երեմյան» կաթնամթերքի արտադրանքը միակն է Հայաստանում, որ համապատասխանում է «Մանկական կաթ 3+» ստանդարտին և ստացել է համապատասխան վկայական։ Հեղինակավոր լաբորատորիաների փորձաքննությունները փաստել են, որ «Երեմյան» կաթնամթերքի արտադրանքը համապատասխանում է որակի բարձրագույն՝ A ցուցանիշին, ինչը նշանակում է, որ այն անվտանգ և առողջարար է 3+ տարիքի երեխաների համար։ Հենց սա է պատճառը, որ այսօր «Կաթ դպրոցներին» ծրագրի շրջանակներում Երևանի և Լոռու մարզի 9 դպրոցների 1400 աշակերտների ամեն առավոտ տրամադրվում է մեկ բաժակ անարատ Երեմյան կաթ։

Այս առնչությամբ Լուսինե Երեմյանը նշում է․ «Մեր արտադրամասերից կամ մեր ռեստորաններից չի կարող դուրս գալ այնպիսի սնունդ, որը մենք հանգիստ խղճով չենք կարող հրամցնել իմ երեխաներին»։ Նա ընդգծում է, որ հենց այս մոտեցման և սպառողին որպես ընտանիքի անդամ ընկալման շնորհիվ  ընկերությունը կարողացել է հասնել կաթնամթերքի արտադրության այսպիսի բարձր նշաձողի։ Դրան նաև նպաստել է ընկերության արտադրամասերի թե բարձր տեխնոլոգիական հագեցվածությունը, թե արտադրության փակ և ամբողջական շղթայի ապահովումը։  

Նշենք նաև, որ Երեմյան ընկերությունների գործունեությունը ունի ոչ միայն կարևոր տնտեսական, այլև սոցիալական բաղադրիչ․ չէ որ այն սոցիալական խնդիրների հետ առերեսվող Վայոց ձորի և Լոռու գյուղական համայնքներում ապահովում է շուրջ 150 գրանցված, կայուն, միջինից բարձր աշխատավարձով աշխատատեղ։ Իսկ ընդհանուր առմամբ Երեմյան ընկերությունների խմբում աշխատում է ավելի քան 2000 աշխատակից։

Իսկ ինչպե՞ս սկսվեց Երեմյան ընկերությունների խմբի հաջողության պատմությունը․․․ Հայաստանում նոր որակի հյուրընկալության ոլորտի կերտման երազանքով տարված մի երիտասարդ՝ Դավիթ Երեմյանը, «Աշխատանքը սկսվում է երազանքից» կարգախոսով Երևանի կենտրոնում՝ Խորենացի փողոցում հիմնեց առաջին Պանոդ Երևան ռեստորանը։ Ռեստորանային բիզնեսի նկատմամբ նորարարական մոտեցումների, մատուցվող ծառայությունների գին/որակ Հայաստանում իր նախադեպը չունեցող հարաբերակցությամբ այս փոքրիկ ռեստորանը կարճ ժամանակում դարձավ երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի ամենասիրելի վայրերից մեկը։ Ապա այս բիզնեսը ճյուղավորվեց, տվեց նոր ծիլեր, և Երևանի տարբեր հատվածներում բացվեցին Երեմյան ընկերությանը պատկանող նորանոր ռեստորաններ և սննդի այլ օբյեկտներ, որոնք նույնպես կարճ ժամանակում գրավեցին երևանցիների և մայրաքաղաքի հյուրերի սրտերը։   

Բայց ինչպե՞ս կատարվեց անցումը միմյանց հետ առաջին հայացքից կապ չունեցող ռեստորանային բիզնեսից գյուղատնտեսական ոլորտ։ Այստեղ ժամանակն է հիշել ընկերության հիմնադրի մոտեցումը՝ մատուցել ավելին, քան սպառողն ակնկալում է։ Իսկ բարձրորակ սննդի համար անհրաժեշտ է բարձրորակ սննդահումք, որի փնտրտուքը միայն մասամբ պսակվեց հաջողությամբ։ «Եվ հենց այդ ժամանակ հասունացավ մի հարց․ իսկ որտեղից գտնել որակյալ, մեր արժեքներին համապատասխանող կաթնամթերք։ Այս հարցից էլ ծագեց Երեմյան ընկերության «Սերմից՝ սեղան» հայեցակարգը»,- պատմեց Լուսինե Երեմյանը։ Սա նշանակում է, որ Երեմյան ընկերությունների խմբի ռեստորաններում  մատուցվող ցանկացած ուտեստի հիմնական հումքը արտադրված է հենց ընկերության ձեռնարկություններում։ 

«Իսկ սննդահումքի այն սահմանափակ տեսականին, որը չի արտադրվում մեր ընկերությունների կողմից, ձեռք ենք բերում մեր հավատարիմ գործընկերներից, որոնք կիսում են մեր արժեքները և որակի նկատմամբ ունեցած մեր մոտեցումները»,- եզրափակեց Լուսինե Երեմյանը։

P.S. Իմ կողմից ավելացնեմ, որ մինչ Երեմյան ֆերմա այցելելը նույնիսկ պատկերացում չունեի, որ Հայաստանում գործում է նման որակի և գաղափարական հենքի վրա հիմնված բիզնես։ Տեսածովս ու լսածովս տպավորված՝ ես ինձ համար որոշեցի, որ այսօրվանից  դառնում եմ «Երեմյան» կաթնամթերքի հավատարիմ սպառողը և «բարի կամքի դեսպանը»՝ այսպիսով իմ համեստ լուման ներդնելով հայրենական բարձրորակ սննդամթերքի արտադրության գործընթացում։  

Վահե Գրձելյան

  • Կիսվել: