կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միագրացիայի և քաղաքացիության ծառայությունն անդրադարձել է Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային ծառայությունները փակելու խոսակցություններին

Միագրացիայի և քաղաքացիության ծառայությունն անդրադարձել է Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային ծառայությունները փակելու խոսակցություններին

Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն անդրադարձել է շրջանառվող խոսակցություններին Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Ճամբարակ համայնքների անձնագրային ծառայությունները փակելու վերաբերյալ։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից «Արմենպրես»-ին պարզաբանել են, որ միգրացիայի ոլորտում նախաձեռնվել են խորքային բարեփոխումներ։

Նշվում է, որ բարեփոխումների համատեքստում նպատակ է դրվել տարածքային անձնագրային ծառայությունները վերածել տարածքային ստորաբաժանումների, որտեղ կմատուցվեն ոչ միայն անձնագրային, այլև այլ ծառայություններ՝ կացության կարգավիճակների դիմումների ընդունում, ապաստանի հայցերի ընդունում, ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ դադարեցնելու վերաբերյալ դիմումների ընդունում և այլն։

«Այս մոտեցումը հնարավորություն կտա քաղաքացիներին և օտարերկրացիներին ծառայություններից ավելի ճկուն տարբերակով օգտվելու և վերացնելու նշված դիմումները ներկայացնելու համար պարտադիր Երևանի գլխամասային գրասենյակ մոտենալու անհրաժեշտությունը։ Հարկ է նաև ընդգծել, որ անձնագրային ծառայություններից օգտվելու անհրաժեշտություն յուրաքանչյուր քաղաքացու պարագայում առաջանում է մի քանի տարին մեկ անգամ, անձնագիրն, օրինակ, ստանդարտ ընթացակարգով, տրամադրվում է 10 տարի ժամկետով։ Օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության նշումը /ելքի կնիք/ չեղարկվել է ս.թ. հունվարի 1-ից, ինչով ևս վերացել է տարին մեկ անգամ անձնագրային ծառայություն այցելելու անհրաժեշտությունը,- ասված է պարզաբանման մեջ։

Կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման պետություն-մասնավոր համագործակցության ձևաչափով իրականացվող ծրագրով նախատեսված է յուրաքանչյուր մարզում հիմնել մեկ անձնագրային ստորաբաժանում, որի շրջանակում նախաձեռնվել է ստորաբաժանումների օպտիմալացում՝ թիվը 63-ից հասցնելով 47-ի։

Այս համատեքստում նախատեսվում է Գեղարքունիքի մարզի բոլոր անձնագրային ծառայությունները միացնել Մարտունի համայնքի անձնագրային ծառայությանը։ Փոփոխությունների արդյունքում ծառայության անվանումը կլինի Միգրացիայի և քաղաքացիական ծառայության Մարտունու բաժին։

Վարդենիսի և Ճամբարակի անձնագրային ծառայությունները փակելու մասին ահազանգել է Հայաստանի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ նշելով, որ այդ հարցով դիմել է ՀՀ ներքին գործերի նախարարին, որի պատասխանը կհրապարակի։

  • Կիսվել: