շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մհեր Գրիգորյանը ՀԲ պաշտոնյաներին է ներկայացրել Կառավարության նոր ծրագրով հաստատված հիմնական նպատակները

Մհեր Գրիգորյանը ՀԲ պաշտոնյաներին է ներկայացրել Կառավարության նոր ծրագրով հաստատված հիմնական նպատակները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսին և ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Կարոլին Գեգինատին:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է Կարոլին Գեգինատին նշանակման կապակցությամբ և արդյունավետ աշխատանք մաղթել՝ վստահեցնելով, որ ՀՀ կառավարությունը կաջակցի նրան իր կարևոր առաքելության իրականացման ընթացքում:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՀԲ պաշտոնյաներին ներկայացրել է Կառավարության նոր ծրագրով հաստատված հիմնական նպատակները՝ կարևորելով հատկապես նախանշված բարեփոխումները մարդկային կապիտալի զարգացման, ենթակառուցվածքների զարգացման ու տնտեսության ոլորտներում: Մհեր Գրիգորյանը տնտեսության զարգացման տեսանկյունից ընդգծել է կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ իրականացվելիք քայլերը:

ՀԲ տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը շնորհավորել է փոխվարչապետին իր պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և ներկայացրել ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին:

Կարոլին Գեգինատը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Համաշխարհային բանկը պատրաստ է աջակցել կառավարությանը իր նոր ռազմավարության իրականացման գործում՝ Հայաստանին բերելով համաշխարհային լավագույն փորձը և գիտելիքը:

Զրուցակիցները հանդիպման ընթացքում անդրադարձել են համատեղ իրականացվող ծրագրերին և համագործակցության զարգացման հեռանկարներին: Հանրային առողջության պահպանման, համավարակին հակազդման, ինչպես նաև տնտեսության զարգացման տեսանկյունից երկուստեք կարևորվել է պատվաստման գործընթացի իրականացումն ու ակտիվացումը:

Փոխվարչապետի առաջարկությամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ ընդլայնված կազմով քննարկում՝ հստակեցնելու համար հետագա անելիքները:

  • Կիսվել: