ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Եթովպիայում ներկայացվել են Հայաստանի բարձագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումները

Եթովպիայում ներկայացվել են Հայաստանի բարձագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումները

Շարունակվում է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակության այցը Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետություն։

Պատվիրակությունն այցելել է Եթովպիայի ազգային արխիվի և գրադարանի գործակալություն և Ազգային թանգարան։

Նշյալ կառույցների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության հնարավորությունները՝ համատեղ նախաձեռնություններ և հետազոտական ծրագրեր իրականացնելու նպատակով։

Նշվել է, որ հայաստանյան համապատասխան կառույցների հետ համագործակցության շրջանակում կիրականացվեն փորձի փոխանակումներ ձեռագրերի վերականգման և պահպանման բնագավառում։

Կձևավորվի նաև թանգարանների միջև համագործակցություն, որը կնպաստի երկու երկրների մշակութային երկխոսության զարգացմանը։

Այդ համատեքստում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ համագործակցության հուշագրեր կնքելու ուղղությամբ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է նաև Ադիս Աբեբայի և Օրոմիայի պետական համալսարանների նախագահների հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Հայաստանի բարձագույն կրթության և գիտության ոլորտներում իրականացվող բարեփոխումները և «Ակադեմիական քաղաք» ռազմավարական ծրագիրը:

Ձեռք է բերվել միջբուհական համագործակցությունը զարգացնելու պայմանավորվածություն՝ ուսանողների և հետազոտողների փոխանակման ծրագրեր իրականացնելու նպատակով։

Առանձնահատուկ կարևորվել է Երևանի պետական և Ադիս Աբեբայի համալսարանների միջև համագործակցությունը։

  • Կիսվել: