ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Իսրայելը Բաքվում ուղիղ և միջնորդավորված բանակցություններ է վարել Սիրիայի և Թուրքիայի պաշտոնյաների հետ

Իսրայելը Բաքվում ուղիղ և միջնորդավորված բանակցություններ է վարել Սիրիայի և Թուրքիայի պաշտոնյաների հետ

Իսրայելի «12-րդ ալիքը» հաղորդում է, որ տեղի է ունեցել բանակցությունների երկու փուլ։ Դրանցից մեկը անցկացվել է Ադրբեջանում, որտեղ Իսրայելը ներկայացրել է ՑԱՀԱԼ-ի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Օդեդ Բասիուկը։ Հանդիպմանը ներկա են եղել Սիրիայի կառավարության և Թուրքիայի ներկայացուցիչներ։

Աղբյուրների տվյալներով՝ Իսրայելը ներկայումս բանակցություններ է վարում նաև Սիրիայի իշխանությունների հետ, «Աբրահամյան համաձայնագրերին» Դամասկոսի հնարավոր միացման հարցի շուրջ: Միջնորդը Արաբական Միացյալ Էմիրություններն է:

Նախօրեին Էր Ռիադում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային ուղղակիորեն հրավիրեց միանալ այս համաձայնագրերին։ Ավելի ուշ Air Force One ինքնաթիռում Թրամփը լրագրողներին ասել է. «Ես ալ-Շարաային ասացի, որ հուսով եմ՝ Դուք կմիանաք, երբ կայունանաք։ Եվ նա պատասխանեց՝ այո։ Բայց նրանք դեռ շատ աշխատանք ունեն անելու»։

«12-րդ ալիքը» նշում է, որ այժմ Իսրայելը դիտարկում է Իրանի ազդեցության ոլորտից Սիրիայի դուրս գալու հեռանկարը և ԱՄՆ-ի հետ նրա հնարավոր մերձեցումը: Իսրայելական աղբյուրների գնահատմամբ՝ իրադարձությունների նման զարգացումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների վրա, քանի որ Անկարան մասնակցում է նոր բանակցություններին:

  • Կիսվել: