կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մենք թուրքերին վաճառելու հող ու տուն չունենք, մեր տունը անգին ա, ոչ մեկ չի կարա գնի․ Կիրանցի բնակիչ

Մենք թուրքերին վաճառելու հող ու տուն չունենք, մեր տունը անգին ա, ոչ մեկ չի կարա գնի․ Կիրանցի բնակիչ

Մենք Հայաստան ենք կորցնում, մարդիկ մտածում են, որ մենք մենակ մեր տների մասին ենք մտածում: Ասում են փոխհատուցում կտան տների համար, մենք թուրքերին վաճառելու հող ու տուն չունենք, մեր տունը անգին ա, ոչ մեկ չի կարա գնի: Այս մասին այսօր ասաց Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածում ակցիա իրականացնողներից մեկը:

«Մենք ծնվել ու ապրել ենք ստեղ, որ արյունով գծած հողերը պաշտպանենք: Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք, մենք ապրել ենք, որ մեր տղերքի  արածը պաշտպանենք:  Մեր գյուղի ոչ մի երիտասարդ դուրս չի եկել, սաղ էլ ստեղ ապրել են, իրանց քրտինքով տուն ստեղծել: Ստեղ ապրելը հեշտ չի, մենք էլ կարանք ուրիշ տեղ ապրենք, բայց չենք ուզում, ուզում ենք մեր հողում ու ջրում ապրենք»,-ասաց Կիրանցի բնակիչը:

Կիրանցի մեկ այլ բնակչի խոսքով էլ կամրջից 100 մետր վերև զոհված զինծայողներից մեկի լուսանկարն է տեղադրված, որը զոհվել է, վստահ լինելով, որ իր մայրիկին ու քրոջը գյուղացիները կպաշտպանեն:

«Եթե թուրքին բերեն մտցեն էստեղ, մենք ո՞նց պիտի պաշտպանենք էդ մարդկանց, մենք ո՞նց պիտի ամեն անցնելուց էդ  նկարին նայենք:Մենք քաղաքական ոչ մի ուղղվածություն չունենք, մենք գյուղի մարդիկ ենք, ովքեր պաշտպանում են իրանց հողը: Ես նյութերի տակ մեկնաբանություն գրողներին դեմքով չեմ ճանաչում, բայց դուք բոլորդ էլ իմ դեմքը տենում եք»,-ասաց Կիրանցի բնակիչը՝ նշելով, որ ակցիայի մասին նյութերի տակ մարդիկ մեկնաբանություններում իրենց մեղադրում են ակցիան քաղաքականացնելու մեջ:

  • Կիսվել: