ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մենք որևէ կենտրոն չենք փակում, մենք վարում ենք ծառայությունների բարելավման քաղաքականություն. Ավանեսյանը՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի մասին

Մենք որևէ կենտրոն չենք փակում, մենք վարում ենք ծառայությունների բարելավման քաղաքականություն. Ավանեսյանը՝ Այրվածքաբանության ազգային կենտրոնի մասին

Մենք որևէ կենտրոն չենք փակում, մենք վարում ենք ծառայությունների բարելավման քաղաքականություն։ Մեր նպատակը թե՛ բուժանձնակազմի, թե՛ պացիենտների համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելն է։ Այս մասին ՛՛Ազատության՛՛ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ճի՞շտ է համարում Այրվածքաբանության ազգային կենտրոնը փակելը, երբ մենք պատերազմող երկիր ենք, և այն միակն է ՀՀ-ում:

Նախարարը, մասնավորապես, ասաց. ՛՛Արդյոք Այրվածքաբանության կենտրոնի պայմանները և մատուցվող ծառայությունների որակը մաքսիմալ ցանկալի՞ն Են։ Ո՛չ։ Քաղաքացիներին մենք պետք է շատ ավելի լավ պայմաններում մատուցենք այս ծառայությունները։ Բժշկագիտության զարգացումը մեզ թելադրում է մոնոպրոֆիլ ծառայությունները հնարավորինս կենտրոնացնել, և ծախսարդյունավետության ճիշտ բաշխվածության պարագայում ավելի լավ արդյունքներ ունենալ՛՛:

Անահիտ Ավանեսյանը պարզաբանեց, որ Այրվածքաբանության կենտրոնը պետք է ունենա վերջին սարքավորումներով հագեցած վերակենդանացման ծառայություն, ինչպես նաև այնտեղ պետք է ընդգրկվեն տարբեր մասնագետներ, քանի որ այրվածքներն ազդում են բոլոր օրգան համակարգերի վրա։ ՛՛Մենք փորձում ենք այս բոլոր համալիր ծառայություններով շրջապատել պացիենտին և տալ նրան ամբողջական ծառայություն՛՛,-նշեց նախարարը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Այրվածքաբանության կենտրոնը առաջարկվում է տեղակայել ՛՛Սուրբ Գրիգոր Լուսավորիչ՛՛ ԲԿ-ի տարածքում, իսկ կենտրոնի շենքը տրամադրել ՊԱԳ-ին։ Կենտրոնի աշխատակիցները մտավախություն ունեն, որ այդ փոփոխության արդյունքում նրանք կզրկվեն աշխատանքից։

Խոսելով այն մասին, թե կստանա՞ն արդյոք աշխատանքից զրկվող աշխատակիցները պատշաճ փոխհատուցում՝ Ավանեսյանը նշեց. ՛՛Ով իր մասնագիտական որակներով համապատասխանում է իր պաշտոնի անձնագրին, կշարունակի իր աշխատանքը։ Իսկ ով չի համապատասխանում, կազատվի օրենքով սահմանված կարգով, նախապես ծանուցումով, վերջնահաշվարկով՛՛:

Պատասխանելով հարցին, թե ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և ՛՛Նորք՛՛ ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ՛՛գրեթե բռնի՛՛ միավորումից ի՛նչ շահեցին պացիենտները, և բուժաշխատողները՝  Ավանեսյանն ասաց, որ ՛՛բռնի՛՛ ձևակերպման հետ համաձայն չէ, բայց բարեփոխումները երբեմն ցավոտ են լինում։

Նա հավելեց, որ այդ երկու ծառայություններն առանձին պահելն ավելի ծախսատար էր, դրանց միավորումը բարձրացրել է ծառայությունների հասանելիությունը պացիենտների համար, ինչպես նաև զերծ է պահում թիրախավորումից ՁԻԱՀ–ով պացինտներին:

  • Կիսվել: