երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մենք այսօր էլ շարունակում ենք բախվել ցեղասպանության տարբեր դրսևորումների. Սինանյան

Մենք այսօր էլ շարունակում ենք բախվել ցեղասպանության տարբեր դրսևորումների. Սինանյան

 Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն, անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը և դրա հետևանքներին, նշել է, որ այսօր դեռ բախվում ենք ցեղասպանության տարբեր ձևաչափերի՝ մերօրյա դրսևորումների:

Սինանյանը նման կարծիք հայտնեց  Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում  «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:

«Մենք նախորդ  տարվա սեպտեմբերին ապրեցինք  Լեռնային Ղարաբաղի հայության հայաթափման ոճրագործությունը, որն իր էությամբ ցեղասպանության մի տարատեսակ է: Մեր երկիրը, պետությունը, ժողովուրդը ազատ չէ գոյաբանական վտանգներից,  և այս  ամենը բխում է հենց ցեղասպանությունից, քանի որ այս գործընթացը դեռ շարունակվում է:

Իմ ցանկությունն ու իղձն  է, որ իրական հայրենասեր մարդիկ հավաքվեն, համախմբվեն և գործով այս պայքարի մասը դառնան, որպեսզի մենք կարողանանք Հայոց ցեղասպանության 110-ամյակը ոգեկոչել ավելի անվտանգ և ապահով  պայմաններում»,-նշեց Սինանյանը:

Հանձնակատարը նշեց՝ հաշվի առնելով այն, թե ինչ է տեղի ունենում մեր աշխարհամասում, պետք է հասկանանք,  որ  հույսը պետք է ինքներս մեզ վրա դնենք:

«Եթե աշխարհը որևէ դրական ձևով պետք է արձագանքի մեր պատմական և այսօրվա անվտանգային  արդար պահանջներին, ապա մենք դա պետք է առաջ բերենք մեր գործողություններով,  դրանք  սիրողական և լոզունգային մակարդակի չպետք է  լինեն, դրանք հաճախ մեզանից պահանջելու են դաժան և ծանր լուծումներ: Միայն աշխատանքի շնորհիվ ենք մենք կարողանալու այս  ամենը հաղթահարել»,-ընդգծեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:

  • Կիսվել: