հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվություն կսահմանվի

Վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվություն կսահմանվի

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 15–ի նիստում որոշում կայացրեց, որով ՀՀ–ում կսահմանվի պատասխանատվություն վարժական հավաքներից խուսափելու համար։

Այդ նպատակով ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկել է օրենսդրական մի շարք փոփոխություններ, որոնք կներկայացվեն նաև Ազգային ժողովի քննարկմանը։

«Անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել քաղաքացիների կողմից վարժական հավաքներից խուսափելու դրսևորման ձևերը: Միաժամանակ, պրակտիկայում արդեն իսկ առկա են դեպքեր, երբ քաղաքացիները վարժական հավաքներից խուսափել են իրենց մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով»,– ասված է որոշման նախագծի մեջ:

Այսպիսի վարքագիծը կանխելու նպատակով ՊՆ–ն անհրաժեշտ է համարել խստացնել նման միջոցներով վարժական հավաքներից խուսափելու համար պատասխանատվությունը:

Ըստ այդմ` վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով՝ աշխատավարձի առավելագույնը քսանապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ 2 ամսից մինչև 3 տարի ժամկետով:

Եթե վարժական հավաքներից խուսափել են իրենց մարմնական վնասվածք պատճառելու կամ հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով, պատժվում է ազատազրկմամբ` 2–5 տարի ժամկետով:

 

  • Կիսվել: