Մեկնարկել են Հակոբ Կոջոյան կրթահամալիրի հիմնանորոգման աշխատանքները
Երևանի 2021 թվականի համայնքային բյուջեով նախատեսված ութ մանկապարտեզներից հինգում ավարտվել են հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին Երևանի ավագանու նիստին՝ ներկայացնելով Երևանի զարգացման 2021 թվականի ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը, ասաց քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումների վարչության պետի պաշտոնակատար Մերի Հարությունյանը։
Նրա խոսքով՝միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ և համաֆինանսավորմամբ՝ նախորդ տարվա ընթացքում մեկնարկել են 14 մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներ, որոնցից մեկում աշխատանքներն արդեն ավարտվել են և մանկապարտեզը հանձնվել է շահագործման։ «Շահագործման են հանձնվել նաև երեք դպրոցներ։ Հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են ութ դպրոցներում։ Մեկնարկել է նաև Հակոբ Կոջոյան կրթահամալիրի հիմնանորոգման աշխատանքները»,-նշեց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ Երևանի 120 դպրոցներ ապահովվել են մուտքի թեքահարթակներով։ Համապատասխանեցվել են սանհանգույցները, իսկ երեք դպրոցներում առկա են նաև վերելակներ։
Անդրադառնալով սոցիալական ոլորտին` Հարությունյանը նշեց, որ Երևանի քաղաքապետարանում ներդրվել է սոցիալական պաշտպանության նոր համակարգ, որի երկրորդ փուլով նախատեսվում է իրականացնել համապատասխան փոփոխություններ վարչական շրջանների սոցիալական ապահովության, առողջապահության բաժիններում։
Նա նշեց նաև, որ Երևան քաղաքում առկա 3691 աղբամուղերից 3436-ը 2021 թվականի ընթացքում փակվել է։ 2021 թվականի ընթացքում մայրաքաղաքի տրանսպորտային պարկը համալրվել է 311 միջին և փոքր տեղատարողության նոր ավտոբուսներով։