Մեկնարկել է «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը» խորագրով միջազգային գիտաժողովը
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում մեկնարկեց “The International Recognition of the Armenian Genocide: Memorial, Political, and Geopolitical Stakes of a Decades-Long Unfinished Struggle” [Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի հիշողութային, քաղաքական և աշխարհաքաղաքական ուղենիշները] խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովին մասնակցում են շուրջ երեսուն գիտնական՝ Հայաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բելգիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Լիբանանից, Բրազիլիայից, Արգենտինայից, Նոր Զելանդիայից, Հնդկաստանից, Ավստրալիայից, Իռլանդիայից, Ֆինլանդիայից և Իսպանիայից: Բացմանը ներկա էին ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները, Արգենտինայի դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեման, ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Դենիս Նազարովը և այլք:
ՀՑԹԻ տնօրենը Էդիտա Գզոյանն իր բացման խոսքում նշեց, որ գիտաժողովի գաղափարն առաջացել է համակազմակերպիչ Ժուլիեն Զարիֆյանի հետ ունեցած քննարկման ժամանակ, ինչն էլ կարողացել են կյանքի կոչել: «Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, կարելի է ասել, սկսվել է հենց կոտորածներին համընթաց. նախ 1915 մայիսի 24-ին Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն ընդունեցին համատեղ հռչակագիր, որով դատապարտում էին թուրքական իշխանություններին և մեղադրում հայերի կոտորածների համար՝ դրանք որակելով որպես մարդկության և քաղաքակրթության դեմ ուղղված հանցագործություններ և առաջ քաշում պատասխանատուներին պատժելու գաղափարը: Այնուհետև հենց թուրքական պետությունը դատապարտեց հայկական կոտորածները իր արտակարգ ռազմական ատյանների վճիռներով՝ հեռակա մահվան դատապարտելով Հայոց ցեղապանության հիմնական պատասխանատուներին:
Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման թեման սակայն մինչև Երկրորդ աշխարհամարտը, կարծես, մոռացվեց և միայն Հոլոքոստից, «ցեղասպանություն» տերմինի և կոնվենցիայի ընդունումից հետո նորից բարձրաձայնվեց: Նախ Ուրուգվայը, այնուհետև երկար ընդմիջումից հետո Կիպրոսը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Արգենտինան և այլ երկրներ ճանաչեցին և դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը: Այս գործընթացը կարևոր է նաև սփյուռքի համայքների համար՝ որպես իրենց հանդեպ իրականացված հանցագործության ճանաչում և արդարության հաղթանակ»,- ավելացրեց ՀՑԹԻ տնօրենը:
Գիտաժողովի մասնակիցներին և ներկաներին ողջույնի խոսքեր հղեցին Պուատիեի համալսարանի նախագահ Վերժինի Լավալը, Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին, Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցության (NAASR- National Association for Armenian Studies and Research) գիտական տնօրեն Մարկ Մամիկոնյանը և Պուատիեի համալսարանից գիտաժողովի համակազմակերպիչ Ժուլիեն Զարիֆյանը:
Առաջին օրվա ավարտին Հայոց ցեղասպանության ամերիկյան ճանաչման մասին տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի մասնակցությամբ:
Գիտաժողովի աշխատանքները կշարունակվեն վաղը և մյուս օրը:
Մասնակիցների և զեկուցումների մասին՝ https://genocide-recognition.am/?page_id=11 :