կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Հյուսիսային պողոտայում առևանգել են ոստիկանական համարանիշերով ավտոմեքենան, ապա խաչմերուկում վթարի ենթարկվել. առևանգողը դիմել է փախուստի

Հյուսիսային պողոտայում առևանգել են ոստիկանական համարանիշերով ավտոմեքենան, ապա խաչմերուկում վթարի ենթարկվել. առևանգողը դիմել է փախուստի

Այսօր՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում դեռևս չճշտված անձը Հյուսիսային պողոտայում առևանգել է ոստիկանության համարանիշներով ու տարբերանշանով «Samand» մակնիշի ավտոմեքենան, ապա վթարի ենթարկվել Շենգավիթ վարչական շրջանում: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, առևանգողը ոստիկանական ավտոմեքենայով, ժողովրդին հայտնի «Կինոհայրենիքի» խաչմերուկում բախվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, ապա առաջ ընթացել, ավտոմեքենան թողել ճանապարհի երթևեկելի գոտում և դիմել փախուստի: 
 
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը, բաժնի պետի տեղակալ Արծրուն Միքայելյանը: 
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Հայկ Արոյանի գլխավորությամբ: 

Պարեկները սահմանազատել են տարածքը: 
 
Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի, օրվա պատասխանատու հերթապահ քննիչի և քննչական կոմիտեի փորձաքրեագետի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վթարված «Volkswagen»-ի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը: 
 
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առևանգված ոստիկանական ավտոմեքենան հաշվառված է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կենտրոնի պահպանության բաժնի հաշվեկշռում: 

  • Կիսվել: