շաբաթ, հուլիս 5
5 / 7 / 2025
100 տարի անց Փարիզի Սեն գետը դարձյալ բաց է հանրային լողի համար

100 տարի անց Փարիզի Սեն գետը դարձյալ բաց է հանրային լողի համար

Փարիզի Սեն գետը 1923 թվականից ի վեր առաջին անգամ վերաբացվել է հանրային լողի համար, տեղեկացնում է BBC-ն:

Նշվում է, որ Սենի մաքրման համար վերջին տարիներին գործադրվել են մեծածավալ ջանքեր։ Մասնավորապես, անցյալ տարի գետի ջրի որակի բարելավման նպատակով ներդրվել է ավելի քան 1.4 միլիարդ եվրո։ Սա իրականացվել է դեռևս 1988 թվականին նախագահ Ժակ Շիրակի տված խոստման իրագործման շրջանակում՝ գետում լողը հնարավոր դարձնելու համար։

Հուլիսի 5-ի առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ին, մի քանի տասնյակ մարդ առաջինը ցատկել է Սեն՝ նշանավորելով այս խորհրդանշական իրադարձության մեկնարկը։ Հանրային լողի համար գծանշվել են երեք հիմնական տարածքներ՝ Էյֆելյան աշտարակի մոտ, Սուրբ Աստվածամոր տաճարի հարևանությամբ և քաղաքի արևելյան հատվածում։ Տարածքներում տեղադրվել են հանդերձարաններ, ցնցուղներ, փրկարարական հսկողություն, և թույլատրվում է միաժամանակ մինչև 300 մարդու այցելություն։

Հաղորդվում է նաև, որ տարածքներում մշտական հերթապահություն կիրականացնեն փրկարարական ծառայությունները։

Նշենք, որ Սենում լողն արգելվել էր 1923 թվականին՝ նավահանգստային շարժի ակտիվության և գետի ջրի որակի կտրուկ վատթարացման պատճառով։

  • Կիսվել: