երկուշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2025
Մարդուց ազատվելու համար բուհում ամբիոն ու կրթական ծրագիր են փակում. Մենուա Սողոմոնյան

Մարդուց ազատվելու համար բուհում ամբիոն ու կրթական ծրագիր են փակում. Մենուա Սողոմոնյան

Հայացքների, հանրային գործունեության համար վերջին շրջանում աշխատանքից ազատված կամ ուսումնական պատշաճ բեռնվածությունից զրկված դասախոսներն ասուլիս են հրավիրել մայր բուհի բակում։

«Այն, ինչ կատարվում է բուհերի հետ, աննախադեպ է, թե ծավալների առումով, թե դրսևորումների ցինիզմով ու կոպտությամբ»,- հայտարարեց Մենուա Սողոմոնյանը, որը «Հայաքվե» նախաձեռնության համահիմնադիրն է։

Նա նշեց, բոլոր ժամանակներում էլ բուհերը զերծ չեն եղել քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից, ավելին, բոլոր ժամանակներում էլ բուհերից իրենց հայացքների, հանրային կամ քաղաքական գործունեության համար ազատվել են դասախոսներ։

«Բայց այն կադրային ջարդը և դրա հետ կապված այն կրթական ծրագրային խնդիրները, որ հիմա են դրսևորվում, երբեք ոչ մի անգամ նման բան չի եղել։ Մարդուց ազատվելու համար կրթական ծրագիր է փակվում ամբողջությամբ՝ առանց ծրագրի վերաբերյալ մոնիտորինգ իրականացնելու և դրա արդյունքում ծրագիրը բարելավելու:

Մարդուց ազատվելու համար ամբիոն է փակվում, խոսքը Բրյուսովի անվան համալսարանում տեղի ունեցածի մասին է, դասընթացներ են հանվում ուսումնական պլանից առանց որեւէ հիմնավորման, շինծու քրեական գործ է հարուցվում, ձերբակալություններ, անգամ կալանքի միջնորդություններ են տեղի ունենում նրա համար, որ մարդը ունի քաղաքական այլ հայացքներ, վարում է հանրային գործունեություն, որը վտանգ է գործող իշխանությունների համար»,-մանրամասնեց Սողոմոնյանը:

Նա կոչ արեց լրատվամիջոցներին ուշադրության կենտրոնում պահել այսպիսի դեպքերը. «Պետք է պատասխան տան մարդկանց, գիտամանկավարժական գործունեության  հնարավորությունից զրկելու իրական դրդապատճառների մասին: Մեր հիմնական պահանջն է, որ բոլոր այն ֆակուլտետներն ու ամբիոնները, որտեղ տեղի են ունեցել այս ապօրինությունները, նրանք բարձրաձայն պատասխան տան, պարզաբանում տան մեզ աշխատանքից հանելու վերաբերյալ»:

  • Կիսվել: